Վարպետության դաս «Քվանտ» վարժարանում

Վարպետության դաս «Քվանտ» վարժարանում

22.10.2019

«Քվանտ» վարժարանի շրջանավարտ Դավիթ Բունիաթյանը օրերս հարազատ կրթօջախում էր։
Հայաստան գալու առիթը WCIT համաժողովին մասնակցելն էր։ Չնայած  գերհագեցած գրաֆիկին ու մեծ զբաղվածությանը՝  Դավիթը եղավ նաև «Քվանտ» վարժարանում, որտեղ սովորել է 5-րդ դասարանից։  11-րդ դասարանից ուսումնառությունը շարունակել է վարժարանի՝ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրով։ Ապա  հրավեր է ստացել և մեկնել աշխարհի առաջատար համալսարաններից մեկը՝  Լոնդոնի համալսարանական քոլեջ՝ ինֆորմատիկայի մասնագետի բակալավրի աստիճան ստանալու համար։
20 տարեկանում Դավիթը Պրինսթոնի համալսարանից առաջարկ ստացավ: Նա Գորդոն Վուի կրթաթոշակ ստացավ՝ ասպիրանտների համար ամենահեղինակավոր կրթաթոշակներից մեկը:
Չնայած երիտասարդ տարիքին՝ Դավիթն արդեն անվանի ձեռնարկատեր է և արհեստական ինտելեկտի ոլորտի մրցունակ գիտնական: Նա հիմնել է ընկերություն, որը պիտի իրականացնի արհեստական ինտելեկտին վերաբերող գիտահետազոտական լրջագույն աշխատանքներ։  Դավիթը  ծրագրում է Հայաստանում  ևս մեքենայական ուսուցման կիրառական լաբորատորիա բացել:
«Քվանտ» վարժարան  այցելելով՝ Դավիթը իր փորձին հաղորդակից դարձրեց ավագ դասարաններում սովորող աշակերտներին, նաև ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորողներին։
Պայծառ քվանտական՝ մարդ, որ իր պատրաստվածությամբ ու փայլուն որակներով արդեն իսկ լուրջ խոսք է ասել համաշխարհային ասպարեզում։ Այսօր նա մեծ հաջողություններ է արձանագրել միայն տքնաջան աշխատանքով։ Նույնը հորդորում է նաև կրտսեր քվանտականներին՝  խորհուրդ տալով ոչ թե մեկ առարկայի մեջ խորանալ, այլ վարժարանում սովորելու տարիներն օգտագործել  ֆունդամենտալ գիտելիքներ ձեռք բերելու ուղղությամբ։