Սկսած 1996 թ.-ից՝ վարժարանում հիմք դրվեց մի նախաձեռնության, որը հետագայում ծավալվեց և վերածվեց գեղեցիկ ավանդույթի. խոսքը օժտված երեխաների մրցույթի մասին է: Այն անցկացվում է «Քվանտ» վարժարանի և Երևանի պետական համալսարանի համատեղ ջանքերով:
Մրցույթի նպատակը օժտված երեխաներ հայտնաբերելն ու նրանց հետագա ուսումը հովանավորելն է: Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության ցանկացած մարզից՝ 5, 6, 7, 8, 9 -րդ դասարանցիներ: Այն անցկացվում է մաթեմատիկա առարկայից, երկու փուլով՝ գրավոր և բանավոր:
Մրցութային հանձնաժողովը կազմվում է ԵՊՀ և «Քվանտի» առաջատար մասնագետներից:
Հետաքրքիր օրինաչափություն է նկատվում. մրցույթի ընթացքում հաճախ հաղթում են ոչ միայն Երևանի` լավագույն ավանդույթներ ունեցող դպրոցների աշակերտները, այլև հանրապետության շրջաններից եկած պատանիները:
Մրցույթի հաղթողներին հնարավորություն կտրվի նոր ուսումնական տարում՝ սեպտեմբերից,արտոնյալ պայմաններով սովորելու վարժարանում, ինչպես նաև Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» համակարգում (IB Diploma Programme):
Մաթեմատիկայի օլիմպիադայի մարզային և հանրապետական փուլերում դիպլոմ ստացած աշակերտներին կտրվեն առանձին արտոնություններ:
Մրցույթում հաղթած երեխաներից շատերը հետագայում համալրում են վարժարանի օլիմպիական խմբակները և հաջողությամբ հանդես են գալիս ինչպես հանրապետական այնպես էլ միջազգային օլիմպիադաներում: Հետագայում նրանց մեծ մասը ուսումը շարունակում է աշխարհի առաջատար համալսարաններում (նրանց ցուցակը գտնվում է այս էջի աջ մասում):
Վարժարանում, սկսած 10-րդ դասարանից, ուսուցումն իրականացվում է չորս՝ ֆիզիկամաթեմատիկական, քիմիակենսաբանական, տնտեսագիտական, հումանիտար հոսքերով, իսկ 11-րդ դասարանում ավելանում է նաև հինգերորդ՝ միջազգային ((Միջազգային բակալավրիատի (ՄԲ), մանրամասն այստեղ...) հոսքը: Վարժարանի միջազգային հոսքում ուսուցումն իրականացվում է ՄԲ «Դիպլոմա» ծրագրով. հայագիտական առարկաները ուսուցանվում են հայերենով, իսկ 4 առարկայական խմբեր՝ անգլերենով: ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտն իր ավարտական վկայականի գնահատականների հիման վրա կարող է առանց քննության ընդունվել աշխարհի առաջատար մի շարք համալսարաններ:
«Oժտված երեխաներ- Քվանտ 2024» մրցույթի գրավոր և բանավոր փուլերը կկայանան 2024թ. մայիսի 5-ին և 9-ին:
Մրցույթին նախորդող անվճար նախապատրաստական պարապմունքները տեղի կունենան 2024թ․ մարտ և ապրիլ ամիսներին, իսկ հեռավար դասընթացի մեկնարկը կտրվի ս/թ նոյեմբերի 25-ից:
Մրցույթին և նախապատրաստական պարապմունքներին մասնակցելու համար կարող եք զանգահարել 010-42-22-17, 091-23-29-51 հեռախոսահամարներով (երկուշաբթիից շաբաթ՝ 09:00-17:00)։
Դիմելու վերջնաժամկետը 20/04/2024թ․։