06.12.2019
«Քվանտ» վարժարանի 9-3 դասարանի աշակերտները դասղեկ և աշխարհագրության ուսուցչուհի Գոհար Սարգսյանի նախաձեռնությամբ աշխարհագրության «ՀՀ բնությունը» թեման ամփոփեցին Հայաստանի բնության պետական թանգարանում։
Արդեն իսկ ունենալով տեսական գիտելիքներ՝ թանգարանում աշակերտները ծանոթացան Հայաստանի ռելիեֆը և աշխարհագրական դիրքը ներկայացնող մանրակերտին, տարբեր դարաշրջաններին պատկանող բրածո նմուշների միջոցով կարողացան պատկերացում կազմել Հայաստանի բնության անցյալի մասին: Նույն սրահում քվանտականները ծանոթացան հանրապետության ընդերքը հարստացնող մետաղական, ոչ մետաղական օգտակար հանածոներին, կիսաթանկարժեք քարերին, ինչպես նաև ընդերքի հարստությունների շարքին դասվող բազմաթիվ հանքային ջրերին, հանրապետության տարածքում հանդիպող հողատեսակներին՝ ներկայացված մենաքարերի տեսքով։ Այստեղ նաև հետաքրքիր ներկայացվեց սրբազան մեռոնի պատրաստումը:
Քանի որ Հայաստանը տիպիկ լեռնային երկիր է, քվանտականները երկրորդ և երրորդ սրահներում հնարավորություն ունեցան էքսկուրս կատարել ՀՀ վերընթաց լանդշաֆտային գոտիներով` սկսելով կիսաանապատային գոտուց հասնելով մինչև մերձալպյան ու ալպյան գոտի։
Սրահներում առաջնակարգ տեղ էր զբաղեցնում բնության պահպանությունը, ցուցադրված էր բուսական և կենդանական աշխարհի առավելապես վտանգի ենթարկված, անհետացող և հազվագյուտ տեսակների հաշվառման ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գիրքը և բնության հատուկ պահպանվող տարածքները՝ ներկայացված քարտեզների և վահանակների տեսքով:
Քվանտականները թանգարանից հեռացան հայրենի բնության մասին նոր գիտելիքներով զինված: