Նորություններ

Նորություններ

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ԵՎՍ ՄԵԿ ԱՐԺԱՆԱՎՈՐ ՔՎԱՆՏԱԿԱՆ

27.04.2021

Խոր ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է երկար տարիներ «Քվանտ» վարժարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կիրակոսյանը։ Նա հիմնադրման առաջին իսկ օրվանից աշխատել է «Քվանտ» վարժարանում, 1991-2011թթ եղել է վարժարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը, դրանից հետո էլ երբեք չի կտրել կապը հարազատ կրթօջախի ու սիրելի ամբիոնի հետ՝ իր արժեքավոր խորհուրդներով մեծապես աջակցելով բոլորին։

Մանկավարժությամբ զբաղվել է 50 տարի, որից 20-ը՝ «Քվանտ» վարժարանում։ Հեղինակ է շուրջ 30 մենագրությունների, վեց տասնյակից ավելի գիտական հոդվածների, համահեղինակ է հանրակրթական դպրոցի 5 դասագրքերի։ Խմբագրել է բազմաթիվ դասագրքեր ու մենագրություններ։

Երկար տարիներ եղել է ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտնօրեն, վերջին տարիներին նույն ինստիտուտում գիտական խմբի ղեկավար էր։ Մասնակցել է հանրակրթական դպրոցի գրականության ծրագրերի մշակմանը։ Էական են այն լայնահայաց դիտարկումները, առողջ վերլուծություններն ու բանաձևի արժեք ունեցող խոր ընդհանրացումները, որոնցով առհասարակ գնահատելի են Կիրակոսյան գրականագետը, նրա գիտական ժառանգությունը։ Չափազանց արժեքավոր են արևմտահայ գրականությանը, մասնավորապես Ռ․ Սևակի ստեղծագործությանը վերաբերող նրա աշխատությունները։ Մեծ ու ծանրակշիռ է նրա ներդրումն ու վաստակը ոչ միայն հայ գրականագիտական մտքի զարգացման, այլև «Քվանտ» վարժարանի պատմության մեջ։

Կիրակոսյան մանկավարժի անհավատալի ներողամտությունը, ծով համբերությունը, անխոցելի արդարամտությունը մեծ սեր ու ակնածանք են ծնել նրա բոլոր սաների հոգիներում։ Իր մանկավարժական ողջ գործունեության ընթացքում ոչ մի հոգոց անպատասխան չի թողել, ամբողջ կյանքում իր հոգու լույսն ու ջերմությունն է տվել իր բոլոր սաներին։

Վլ․ Կիրակոսյանի՝ մի քանի տասնյակի հասնող սաները դարձել են մրցունակ մասնագետներ և իրենց մասնագիտական կայացման գործում մեծապես կարևորում են սիրելի ուսուցչի վաստակը։ Մեծ մանկավարժի բարի ժպիտը, խորաթափանց հայացքը ընդմիշտ կուղեկցեն նրա բոլոր աշակերտներին։

Վլադիմիր Կիրակոսյանը սիրված ուսուցիչ էր, հավատարիմ ու անփոխարինելի ընկեր, հմուտ գիտնական, ազնիվ ու ճշտախոս մտավորական, լավ ամուսին ու հայր,

հոյակապ պապիկ, հիանալի մարդ, ում մեծ ներդրումը «Քվանտ» վարժարանի կայացման գործում անուրանալի է ․․․

Վաստակաշատ ու արհեստավարժ գիտնականի, սիրելի ուսուցչի, բարի ու ազնիվ ընկերոջ, պայծառ ու կենսախինդ մարդու հիշատակը հավերժ վառ կմնա նրան ճանաչողների հուշերում․․․

Խունկ և խոնարհում․․․