Օժտված երեխաները քիչ չեն նաև այս տարի․․․
13.05.2021
«Օժտված երեխաներ-Քվանտ» ամենամյա մրցույթի անցկացումը ևս բացառություն չէր։
«Քվանտ» վարժարանը, հավատարիմ իր կոչմանն ու առաքելությանը, արդեն 25-րդ տարին է՝ կազմակերպում և փայլուն իրականացնում է մի հիանալի նախաձեռնություն՝ մրցույթ մաթեմատիկա առարկայից։
Գեղեցիկ ավանդույթի վերածված այդ նախաձեռնության նպատակը օժտված երեխաներ հայտնաբերելն ու նրանց հետագա ուսումը հովանավորելն է: Ամեն տարի այդ մրցույթին մասնակցում են 5-9-րդ դասարանների բազմաթիվ սովորողներ ինչպես մայրաքաղաք Երևանի, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերի հանրակրթական դպրոցներից: Վերջին տարիներին աննախադեպ մեծացել է թե´ մասնակիցների թիվը, թե´ աշխարհագրությունը։
Տարբեր տարիքային խմբերի շուրջ 400 մասնակիցներից վերջին փուլ անցան լավագույն արդյունքներ արձանագրած սովորողները։ Մրցույթի երկրորդ՝ բանավոր փուլը կազմակերպվեց մայիսի 9-ին։ Առավելագույն միավորներ վաստակած մասնակիցները արժանացան խրախուսանքի։
Կարևոր է նշել, որ մրցույթի հաղթողները իրավունք են ստանում անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորելու վարժարանում, ինչպես նաև Միջազգային բակալավրիատի համակարգում և հետագայում համալրում են միջազգային օլիմպիադաներում բարձունքներ նվաճած քվանտականների շարքերը: Տարբեր տարիների այդ փառահեղ ճանապարհը անցել են Ժիրայր Ավետիսյանը, Մկրտիչ Սողոմոնյանը, Վահե Մուսոյանը, Արտավազդ Մինասյանը, Հայկ Սարիբեկյանը, Ալբերտ Գևորգյանը, Էդուարդ Գրիգորյանը, Աշոտ Մաթևոսյանը, Ալեքսանդր Կարալյանը և ուրիշներ։
Մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները արժանանում են նաև կրթաթոշակի կամ միանվագ պարգևի:
Խորապես հավատում ենք, որ մրցույթի հաղթողները ճիշտ կօգտագործեն իրենց տրված այս հիանալի հնարավորությունը և գիտելիքի ուժով կկարողանան նվաճել անգամ անհաղթահարելի բարձունքներ։