Քվանատականը գիտության առաջատարների շարքում է նաև աշխարհում․ քվանտականների ստեղծած «Արհեստական քիթը» մեծապես տպավորել է գիտության համաշխարհային փառատոնի կազմակերպիչներին․․․
23.05.2021
Հաղթական մայիսը փառահեղ մի հաղթանակ էլ ավելացրեց «Քվանտ» վարժարանի 30-ամյա պատմության մեջ․ քվանտական պատանիները Միջազգային գիտատեխնիկական փառատոնում (ISEF) փայլուն հաղթանակ են տարել՝ աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ թիմերի շարքում զբաղեցնելով պատվավոր 4-րդ մրցանակային տեղը “EMBEDDED SYSTEMS” անվանակարգում։
Հայաստանն այս տարի առաջին անգամ էր մասնակցում այդ փառատոնին։ Միջազգային կարևորագույն այդ միջոցառմանը մեր երկիրը ներկայացնում էր երկու խումբ, որոնցից մեկը «Քվանտ» վարժարանի թիմն էր։
Վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Դավիթ Գյուլամիրյանը, Կարեն Ալեքսանյանը և Ռոբերտ Սիմոնյանը ֆիզիկայի ամբիոնի բարձրակարգ և արհեստավարժ մասնագետ Գրիգոր Աղաբաբյանի գիտական ղեկավարությամբ մեկ ամիս առաջ հաղթել էին գիտության համադպրոցական փառատոնի Հայաստանի փուլում։ Հիշեցնենք, որ խումբը ներկայացրել է չափազանց հետաքրքիր թեմա՝ «Հոտերի տարբերակում արհեստական բանականության կիրառմամբ»։ Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում առավելագույն միավոր հավաքած երկու խմբերից մեկը հենց քվանտականների թիմն էր։
Քվանտականների ստեղծած սարքը՝ հոտեր տարբերակող «Արհեստական քիթը», գրավեց մրցատյանի բոլոր անդամների ուշադրությունը, իսկ խմբի անդամների՝ Կարեն Ալեքսանյանի, Դավիթ Գյուլամիրյանի, Ռոբերտ Սիմոնյանի և նրանց փայլուն ղեկավարի՝ Գրիգոր Աղաբաբյանի գիտական հզոր ներուժը հիացրեց բոլորին․․․
Քվանտականների պնդմամբ իրենց ստեղծած սարքը կարող է կիրառելի լինել տարբեր ոլորտներում, օրինակ՝ գործարաններում պայթյունավտանգ գազերի արտահոսքը կանխելու։ Սարքը տարբերակում է նաև մարդկանց արտաշնչած օդը, ինչը բժշկության մեջ հիվանդություններն ախտորոշելու հնարավորություն կտա: Այն կարող է օգտակար լինել նաև օծանելիքներ ընտրելիս։
Ջերմորեն շնորհավորում ենք քվանտական հզոր թիմին գիտության միջազգային փառատոնում ունեցած փայլուն հաղթանակի համար և մաղթում նորանոր նվաճումներ՝ ի բարօրություն հարազատ կրթօջախի և մեր երկրի։