Նորություններ

Կրտսեր քվանտականները գեղեցիկ անակնկալ են մատուցում իրենց ամեն դասը տոն դարձնող Վ․ Սարգսյանին

26.05.2021

«Քվանտ» վարժարանի հիմնադիր դպրոցում օրը տոնական է․ առիթը կրտսեր քվանտականների լավագույն բարեկամ, գրող, թարգմանիչ, մանկավարժ, հրատարակիչ, խմբագիր Վաչագան Սարգսյանի ծննդյան 70-ամյակն է։
Վարժարանի հիմնադիր դպրոցի ներկայացուցիչները գեղեցիկ անակնկալ են պատրաստել Վ․ Սարգսյանի համար, ով վերջին մի քանի տարիներին նաև աշխատում է վարժարանում՝ «Ստեղծարար մտածողություն» առարկայի շրջանակում ինքնատիպ ու հետաքրքիր բազում առաջադրանքներ առաջարկելով փոքրիկ քվանտականներին և դրանով նպաստելով նրանց ազատ ու ստեղծարար մտածողություն ձևավորելու չափազանց կարևոր գործին։
Օրը տոնական շունչ է ստանում փոքրիկների գեղեցիկ կատարումներով, Վ․ Սարգսյանի տարբեր գրքերից ընտրված հատվածների բեմականացումներով։ Հոբելյարին նույնպես փորձություն էր սպասում՝ մասնակցել խաղ-մրցույթի և պատասխանել առաջադրված հարցերին։ Տոնական տրամադրությունները բարձրակետին են հասնում հիմնադիր դպրոցի ուսուցիչների գեղեցիկ կատարմամբ, որով վերջիններս իրենց խորին երախտագիտությունն են հայտնում Վաչագան Սարգսյանին։
Շնորհավորական խոսքով հանդես են գալիս վարժարանի տարբեր ամբիոնների վարիչներ (Ս․ Շահինյան, Ս․ Սուվարյան, Հ․ Բայրամյան), որոնք իրենց խոսքում մեծապես կարևորում են Վաչագան Սարգսյանի կարևոր դերը վարժարանի հիմնադիր դպրոցի կայացման հարցում։