Դասախոսությունների մեկնարկը վարժարանում տրված է
19.06.2021
«Քվանտ» վարժարանում մեծապես կարևորում են ուսուցչական կազմի պարբերական վերապատրաստումները, համագործակցությունը կրթական-գիտական այլ կառույցների հետ: Այդ նպատակով կազմակերպվում են հանդիպումներ, դասախոսություններ:
Ուսումնական տարվա ավարտին այլ կառույցներում գուցե նախընտրում են գնալ վաստակած հանգստի, բայց քվանտականների եռանդն անսպառ է, նոր բան սովորելու ցանկությունը՝ անհաղթահարելի: Դրա վառ վկայությունը վարժարանի պատմության ամբիոնի վարիչ պ.գ.թ., դոցենտ Միքայել Մալխասյանի նախաձեռնությամբ կազմակերպված դասախոսությունների շարքն է, որի առաջին հանդիպումը կայացավ ս.թ. հունիսի 12-ին: «Հայ բնակչության գաղթը և հայկական իշխանությունների ստեղծումը Լեռնային Կիլիկիայի հարակից երկրամասերում XI դ.» թեմայով առցանց դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Արարատ Ստեփանյանը: Հանդիպում-դասախոսությունը հիմնականում կազմակերպված էր վարժարանի պատմության ամբիոնի աշխատակիցների համար, սակայն սիրով մասնակցեցին և իրենց մեծ հետաքրքրվածությամբ աչքի ընկան նաև այլ ամբիոնների մի շարք աշխատակիցներ: