Նորություններ

Նորություններ

Ծանր ուստարվա քաղցր պտուղները․ քվանտականը դարձյալ աշխարհի առաջատարների շարքերում է․․․

12.07.2021

2020-21 ուստարին հագեցած էր ծանր կորուստներով, հոգեմաշ ապրումներով։ Դեռ նախորդ ուստարվանից աշխարհին պատուհասած համավարակը, ապա հայ ժողովրդի համար լրջագույն փորձություն դարձած պատերազմը սասանել էին բոլորի հոգեկան անդորրը, և թվում էր՝ այդ ամենը իր բացասական անդրադարձը պիտի ունենա նաև ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման վրա։ Քվանտականները, սակայն, այդ ողբերգական իրադարձություններից անմասն չմնալով, տարբեր հարցերում ամեն կերպ օգտակար լինելով հանդերձ, ոչ մի րոպե չդադարեցրին ուսումնական գործընթացը, ավելին՝ չթուլացրին աշխատանքի տեմպը, չնվազեցրին արդյունավետությունը։ Դրա վառ վկայությունը ՄԲ «Դիպլոմա» ծրագրի այս տարվա շրջանավարտների ավարտական քննությունների՝ օրերս ստացած գերազանց արդյունքներն են։
Ըստ այդ արդյունքների՝ «Քվանտ» վարժարանի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորող 19 աշակերտից 2-ը ստացել են առավելագույն՝ 45 միավոր։ Իբրև հավելում նշենք, որ նմանատիպ արդյունք աշխարհի ՄԲ դպրոցներում մի քանի տարին մեկ կարողանում է արձանագրել միայն սովորողների 0,02 %-ը։ Եվս 2 քվանտական վաստակել է 44 միավոր, ինչը նույնպես փայլուն արդյունք է։ Սովորողների 37%-ը ստացել է 40-45 միավոր, 95%-ը՝ 34-ից բարձր։ «Քվանտ» վարժարանի միջազգային ծրագրով սովորողների այս տարվա միջին գնահատականը 38,47 է այն դեպքում, երբ աշխարհի միջինը 33, 02 է։
Ներկայացված թվերը առավել քան խոսուն են և մեկ անգամ ևս հաստատում են, որ «Քվանտ» վարժարանը, քվանտականը մրցունակ են ոչ միայն ՀՀ հանրակրթության ոլորտում, այլ նաև աշխարհի կրթական զարգացումներում։
Հարկ է նշել, որ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի սովորողների մեծամասնությունը արդեն իսկ հրավերներ ունի աշխարհի մի շարք առաջատար համալսարաններից և շուտով համալրելու է այդ համալսարանների լավագույն ուսանողների շարքերը։
Ուզում ենք հավատալ, որ աշխարհում մրցունակ մասնագետներ դառնալուց հետո քվանտականները կվերադառնան հայրենիք և իրենց մասնագիտական որակներով մեծապես կնպաստեն մեր երկրի վաղվա լուսավոր ու պայծառ օրվա կերտմանը։