ԱՊԱԳԱ ԻՐԱՎԱԲԱՆ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ՓԱՅԼՈՒՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ Է․․․
16.07.2021
«Քվանտ» վարժարանում ուսանում են պատանիներ, որոնք փայլում են ոչ միայն իրենց ակադեմիական գիտելիքներով, այլև արվեստի նկատմամբ ունեցած մեծագույն սիրով և հաղթանակներ են արձանագրում հավասարապես երկու ասպարեզում էլ։
Վերջերս Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ նույն դպրոցի ֆագոտի բաժնի այս տարվա շրջանավարտ Հովիկ-Խորեն Էսմերյանի մենահամերգը։ Նա նաև «Քվանտ» վարժարանի այս տարվա շրջանավարտ է։
Ֆագոտահար Հովիկ-Խորեն Էսմերյանը (դասատու՝ Անդրանիկ Քոչար) ուսումնառության տարիներին մասնակցել է միջազգային մի շարք փառատոների և արժանացել մրցանակների։ Նա «Արտ Մյուզիք» միջազգային մրցույթ-փառատոնի I կարգի դափնեկիր է, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի I կարգի դափնեկիր։
Հովիկ-Խորենը 1-ին տեղի է արժանացել «Մոցարտ» միջազգային մրցույթ-փառատոնում, նաև «Ոսկե տավիղ» հանրապետական մրցույթ-փառատոնում։
Մենահամերգի ժամանակ Հովիկ-Խորենը ներկայացավ պատկառելի ծրագրով՝ իր հմուտ ու արհեստավարժ տեսակով հիացնելով հանդիսատեսին և արժանանալով լեփ-լեցուն դահլիճի բուռն ծափահարություններին։
Ուրախությամբ ուզում ենք տեղեկացնել, որ երաժշտության ասպարեզում լրջագույն հաջողություններ արձանագրած քվանտականը փայլուն հանձնել է քննությունները և ընդունվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ապագա իրավաբանը չի պատրաստվում հրաժարվել երաժշտությունից, իր սիրելի գործիք ֆագոտից և ջանք ու եռանդ չի խնայի երկու ասպարեզում էլ մրցունակ մասնագետ դառնալու համար։