Նորություններ

Նորություններ

ՀԱՂԹԱԿԱՆ ՏԱՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է․․․

07.08.2021

Ֆիզիկայի 51-րդ միջազգային օլիմպիադան ևս հաղթական էր քվանտականների համար։ Վարժարանի մեկ մասնակիցը ձեռնունայն չի վերադարձել։

Ս․թ. հուլիսի 17-24-ը անցկացվեց «Ֆիզիկա» առարկայի 51-րդ միջազգային օլիմպիադան: Համավարակով պայմանավորված՝ այն կազմակերպվեց առցանց եղանակով։ Երկու՝ փորձնական և տեսական փուլերով կայացած միջազգային առարկայական այս ստուգատեսը կազմակերպել էր Լիտվան (ք․ Վիլնյուս):

Օլիմպիադայի մասնակից 76 երկրի շուրջ 400 աշակերտի հետ մրցելով Հայաստանի թիմը ներկայացնող 4 աշակերտներից մեկը՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի սովորող Դավիթ Գյուլամիրյանը, արժանացավ արծաթե մեդալի։

Ուրախալի է այն, որ օլիմպիադայի արդյունքներով Հայաստանի թիմի բոլոր մասնակիցներն էլ արժանացել մեդալների՝ 1 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ։

Այս տարի միջազգային հարթակում մի քանի փայլուն հաջողություն արձանագրած քվանտականը հրավեր է ստացել աշխարհի առաջատար համալսարաններից մեկից․ սեպտեմբերից նա ուսումնառությունը շարունակելու է Քեմբրիջի համալսարանի ինժեներական ֆակուլտետում՝ արժանիորեն ներկայացնելով թե՛ հարազատ կրթօջախը, թե՛ մեր պետությունը։

Ջերմորեն շնորհավորում ենք հաղթող քվանտականին և նրա փառահեղ հաղթանակներով ուրախացողներին։