ՏԵՍԱԿԱՆԻ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
15.11.2021
«Շենգավիթ» հնավայրը գտնվում է Երևան քաղաքի հարավարևմտյան հատվածում՝ Երևանյան լճի արևելյան հրվանդանին, և իր պատմագիտական արժեքով մշտապես գրավել է ոչ միայն պատմաբանների, այլև դպրոցականների ուշադրությունը։
Ներկայումս հնավայրը ներկայանում է իրար միացած կլոր կամ քառանկյուն հիմք ունեցող կացարաններով, թեք ու նեղ փողոցներով:
«Քվանտ» վարժարանի աշակերտների ուշադրությունից ևս չի վրիպել պատմական այս հնավայրը։ Վարժարանի 7-2 դասարանի աշակերտները դասղեկ Հ․ Մանուչարյանի գլխավորությամբ այցելել են «Շենգավիթ» հնավայր և այնտեղ անցկացրել դասղեկի ժամը, որը վերածվել է հետաքրքիր էքսկուրսիայի։ Դասղեկ ու նաև պատմության ուսուցչուհի Հ․ Մանուչարյանի՝ թե՛ մինչ հնավայր այցելելը վարժարանում պատմածները, թե՛ տեղում ներկայացրածը չափազանց տպավորեցին փոքրիկ քվանտականներին։
Բոլոր աշակերտներն էլ մեծապես հետաքրքրված էին հնավայրով, որի կառույցները վկայում են ինչպես շինարարական դարավոր ավանդույթների հարատևման, այնպես էլ շինարարության որոշակի առաջընթացի մասին: Նրանք ոչ միայն ուշադիր լսում էին իրենց սիրելի դասղեկի մեկնաբանությունները, այլև իրենք էլ նախաձեռնեցին «հնագիտական» իրենց աշխատանքները՝ փորձելով պեղել, գտնել կարևոր նշանակության ինչ-որ իրեր։
Ուզում ենք հավատալ, որ նմանատիպ էքսկուրսիաներ հաճախ կկազմակերպվեն և հնարավորություն կտան տեսական գիտելիքները ներդաշնակորեն համադրել գործնականի հետ։