Նորություններ

«Քվանտ» վարժարանի աշակերտը և ուսուցիչը՝ «Առաջին անգամ ընտրող» ծրագրի մասնակից

15.11.2021

«Քվանտ» վարժարանում, ինչպես հանրապետության հանրակրթական մի շարք այլ հաստատություններում կազմակերպվեց ու հաջողությամբ իրականացվեց «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագիրը, որի միջոցով դպրոցականները ծանոթանում են ընտրությունների կարգին։ Ծրագիրը Հայաստանում ընտրական գործընթացին Եվրամիության ու Եվրոպայի խորհրդի աջակցության բաղադրիչն է։

«Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրի մեկնարկը վարժարանում նշանավորվեց մի շարք ուսուցիչների վերապատրաստմամբ, որը փայլուն իրականացրեց վարժարանի պատմության ամբիոնի բարձրակարգ, արհեստավարժ մասնագետ բ․գ․թ․ Ա․ Սիմոնյանը։ Վարժարանի դահլիճում կայացավ ավագ դպրոցի բոլոր աշակերտների` «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրի շրջանակներում իրականացվող սիմուլյացիոն խաղերի մասնակից թեկնածուների քարոզարշավը։

Քվանտականները մասնակցեցին ընտրական գործընթացի՝ ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ողջ ընթացքին` քվեարկելուց մինչև ընտրությունների արդյունքների հրապարակում: Առաջադրված 4 թեկնածուներից մեկն ընտրությունների նախօրեին ինքնաբացարկ հայտնեց։ Ընտրությանը մասնակցող բոլոր խմբերը մեծագույն պատասխանատվությամբ էին պատրաստվել քարոզարշավին՝ հանգամանորեն ներկայացնելով իրենց ծրագրային դրույթները, հանդես գալով կուսակցությունների հետաքրքիր անուններով և կարգախոսներով։ Նոյեմբերի 10-ին կայացավ ընտրությունը, և մասնակից երեք կուսակցություններից ձայների ճնշող մեծամասնությունը (123 ձայն) ստացավ 11-5 դասարանի սովորողների «ՄԵԿ» (Միասնական երիտասարդական կուսակցություն) կուսակցությունը, որի ցուցակի առաջին համարն էր Բենիկ Բալայանը։

Ուզում ենք հավատալ, որ նմանատիպ միջոցառումները զգալիորեն կնպաստեն սովորողների իրավագիտակցության ձևավորմանը և վաղվա հասարակության ազնիվ ու արդար քաղաքացու կերտմանը։