Նորություններ

Նորություններ

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐՎԵՍՏԻ ՍԻՐԱՀԱՐ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ...

15.11.2021

Անհատի ձևավորման ու զարգացման գործում «Քվանտ» վարժարանում մեծապես կարևորում են գրականության դերը։ Դրա վառ վկայությունը հայ գրականության վառ ու ինքնատիպ տարբեր ներկայացուցիչների տուն-թանգարաններ այցելությունն է։ Հայ գրականության խոշորագույն դեմքերից մեկը՝ հայ գրականության նորագույն շրջանի հիմնադիր Եղիշե Չարենցը, իր գործունեությամբ ու ստեղծագործական բացառիկ գործունեությամբ մշտապես եղել է քվանտականների ուշադրության կենտրոնում։

Լեգենդ Չարենցի հետ կապված իրականությունը բացահայտելու և չարենցյան թեման ամփոփելու նպատակով հոկտեմբերի 5-ին 7-4 դասարանը դասղեկի` Փ․ Դավթյանի ուղեկցությամբ այցելեց Չարենցի տուն-թանգարան:

Քվանտականների համար ուշագրավ էր այն, որ տուն-թանգարանին, Չարենցի կյանքի հետաքրքիր մանրամասներին ծանոթացնում էր հենց բանաստեղծի թոռնուհին՝ Գոհարը։ Երեխաները մի առանձնահատուկ ուշադրությամբ ու ակնածանքով հասու եղան չարենցյան պոեզիային, տեսան, թե ինչպիսի պայմաններում է ապրել և ստեղծագործել մեծն Չարենցը, տեսան նրա իրերը, բանտից գրած բանաստեղծությունների պատառիկները, որ փրկվել և հասել են մինչև մեր օրեր:

Աննկուն հայորդու, ըմբոստ հոգու տեր Չարենցի մասին մտքերով էլ քվանտականները հրաժեշտ տվեցին տուն-թանգարանի հյուրընկալ աշխատակիցներին ու էքսկուրսավարին: