Նորություններ

Նորություններ

Փոքրիկ քվանտականները՝ հեքիաթների խորհրդավոր աշխարհում․․․

06.12.2021

Վերջերս «Քվանտ» վարժարանում տրվեց մեկնարկը չափազանց հետաքրքիր մի նախաձեռնության․ կազմակերպվեց «Ո՞վ է գրել այս գիրքը» նախագծի առաջին հանդիպումը․ հյուրը ժամանակակից հայ գրող-նկարազարդող Լիլիթ Ալթունյանն էր։

Հաջորդ հանդիպումը ևս չուշացավ։ 2-րդ դասարանում սովորող փոքրիկ քվանտականները նախապես ծանոթացել էին մանկագրի «Կապույտ աղվես» հեքիաթին և հենց դասի ժամին հարցեր ուղղել հեղինակին՝ հուսալով, որ մի օր կիրականանա իրենց մեծ ցանկությունը․ անձամբ կտեսնեն նրան և կստանան իրենց հարցերի պատասխանները։ Վարժարանի ուսուցիչները, ինչ խոսք, չէին կարող հիասթափեցնել փոքրիկներին։ Պատրաստվեց մի գեղեցիկ անակնկալ։

Փոքրիկներն իրենց հրավիրատոմսերով շտապում էին հեքիաթների աշխարհ՝ դառնալու հեքիաթի հերոս՝ անվախ, ուշադիր։ Վարժարանի դահլիճը վերածվել էր հեքիաթային բացառիկ մի աշխարհի, ուր գերիշխում էին խորհրդավորը, տպավորիչը, գեղեցիկը։

Մանկագիրը բեմի մութ խորհրդավորության մեջ նկարում էր իր հեքիաթի հերոսին՝ կապույտ աղվեսին, ապա ծանոթացավ փոքրիկների հետ, պատասխանեց նրանց հարցերին։ Փոքրիկ քվանտականները իրենց հետաքրքիր և բազմաշերտ հարցերով հիացրին ժամանակակից գրողին։

Միջոցառումը նշանավորվեց վարժարանի երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Ա․ Հովակիմյան) գեղեցիկ կատարումներով։ Ապա մանկագիրը փոքրիկ քվանտականներին դարձրեց իր՝ դեռ չտպագրված հեքիաթի առաջին ունկնդիրը։ Միջոցառումն անցավ շատ հետաքրքիր և անկաշկանդ մթնոլորտում, բոլորին կտրեց առօրյա հոգսերից և տարավ հեքիաթների ինքնատիպ աշխարհ, ուր բարին միշտ հաղթում է չարին։