ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ԵՆ
10.12.2021
Օրեր առաջ՝ նոյեմբերի 28-ին, հայկական դրամը տոնեց իր 28-ամյակը։ Դրամի պատմությանը ծանոթանալու նպատակով «Քվանտ» վարժարանի 6-3 դասարանների աշակերտները դասղեկ Գոհար Սարգսյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն։
Այցելուների կենտրոնը թանգարան-կրթական համալիր է, որի նպատակը ստատիկ, թեմատիկ և ինտերակտիվ ցուցադրությունների միջոցով Հայաստանի տարածքում դրամաշրջանառության պատմության ներկայացումն է, ինչպես նաև՝ ՀՀ ԿԲ դերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը:
Առաջին սրահում էքսկուրսավարը պատմեց հայկական փողի կենսագրությունն ամենասկզբից․ Տիգրան Մեծ, Բագրատունիներ, Կիլիկյան Հայաստան․․. Երեխաները մեծ ուշադրությամբ լսում էին՝ մտովի տեղափոխվելով պատմական անցյալ։ Հաջորդ սրահում ժամանակաշրջանը փոխվեց՝ դրամի պատմությունը Առաջին հանրապետության, ԽՍՀՄ-ի օրոք, իսկ հարևան սրահում մեր օրերն էին: Արդեն ծանոթ դրամների ցուցանմուշների մոտ ներկայացվեցին ներկայիս դրամի ստացման գործընթացը։ Մեծ հետաքրքրությամբ աշակերտները լսեցին, թե ինչպես են բամբակը մեծ կաթսաներում եռացնում, ապա նրա մեջ լցնում ֆոսֆորե թելիկներ, որոնք էլ ապահովում են թղթադրամի պաշտպանության առաջին փուլը: Բոլոր փուլերը քայլ առ քայլ ներկայացնելուց հետո ժամանակն էր ծանոթանալու դրամի պաշտպանիչ շերտերին։ Ոչ պակաս կարևոր էր նաև իմանալ, թե ինչպես պետք է դրամը պահել, որպեսզի այն շուտ չմաշվի, ու ցույց տվեցին՝ ինչպես էին հազարավոր մաշված թղթադրամներ անթիվ մասերի կտրատել ու մի գնդի մեջ հավաքել։
Էքսկուրսիան շատ հագեցած էր և ուսանելի։ Տպավորված էին նաև կենտրոնի աշխատակիցները՝ քվանտականների գիտելիքներից և հետաքրքրասիրությունից։