ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
18.12.2021
Մոսկվայում 2021թ․-ի դեկտեմբերի 6-13-ը կայացավ Մեգապոլիսների (Մեծ քաղաքների) 6-րդ ամենամյա միջազգային օլիմպիադան։ Հեղինակավոր այս մրցույթում ամեն տարի աշխարհի տարբեր երկրների 14-18 տարեկան պատանիների տասնյակ հավաքականներ մրցում են չորս առարկաների՝ մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, ֆիզիկայի և քիմիայի իրենց տեսական և գործնական գիտելիքներով։ Ութ մասնակիցներից բաղկացած Երևանի թիմը օլիմպիադայի առաջին՝ հիմնական մրցափուլում վաստակել է 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ։ Մասնակիցներից երեքը «Քվանտ» վարժարանի սաներ են, որոնցից երկուսը՝ Խալաթյան Արայի (ինֆորմատիկա), Ասատրյան Լեոնիդ (քիմիա), դարձել են արծաթե մեդալակիրներ։
Այս տարի Մեգապոլիսների 6-րդ օլիմպիադայի բլից-մրցափուլում աշխարհի դպրոցների շարքում «Քվանտ» վարժարանի թիմը փայլուն հաղթանակ է տարել և գրավել 1-ին պատվավոր հորիզոնականը։ Համառ պայքարն ընթացել է աշխարհի տարբեր երկրների դպրոցական 46 թիմերի միջև։ Վարկանշային աղյուսակում պատանի քվանտականները գրանցել են ամենաբարձր ցուցանիշը՝ 51 միավոր՝ հաջորդող թիմից առաջ անցնելով 18 միավորով։ Մեր սաները՝ Սաղեյան Սոնա, Պետրոսյան Յուրի (քիմիա), Նավոյան Ավետիք, Աբրահամյան Համլետ (ֆիզիկա), Սահրադյան Վահե, Պետրոսյան Համլետ (մաթեմատիկա), Աղայան Հայկ, Գևորգյան Գագիկ (ինֆորմատիկա), աչքի են ընկնել տրված 80 առաջադրանքների լուծման ճշգրտությամբ և բացառիկ արագությամբ։
Հավելենք, որ միջազգային օլիմպիական հարթակներում «Քվանտ» վաժարանի սաների հաղթարշավը մեկնարկել է դեռևս 2021թ․-ի տարեսկզբից։
2021թ․-ի հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Միջազգային Ժաուտիկովյան 17-րդ օլիմպիադայում «Քվանտ» վարժարանի 7 մասնակիցներից բաղկացած թիմը դարձյալ կանգնել է 1-ին մրցանակակրի պատվո հարթակին։ Միջազգային Ժաուտիկովյան 17-րդ օլիմպիադայում մեր յոթ սաներն էլ դարձել են մեդալակիրներ՝ վաստակելով 5 ոսկե և 2 բրոնզե մեդալ։ Ոսկե մեդալակիրներ են դարձել Լորետա Արզումանյանը մաթեմատիկա առարկայից, Դավիթ Գյուլամիրյանը, Կարեն Մոսոյանը` ֆիզիկայից, Ալեքսանդր Աբելյանը և Արայի Խալաթյանը՝ ինֆորմատիկայից, Համլետ Պետրոսյանը և Ռազմիկ Պարզյանը մաթեմատիկա առարկայից արժանացել են բրոնզե մեդալների։
Շնորհավորում ենք «Քվանտ» վարժարանի մեր բոլոր սաներին և հետագա հաջողություններ մաղթում գիտության բարձունքները նվաճելու դժվար ճանապարհին։