Միջազգային օլիմպիադաներում «Քվանտ» վարժարանի սաների փայլուն հաղթանակների 2021 թ․-ի ամփոփագիրը
28.12.2021
Միջազգային հեղինակավոր օլիմպիադաներում «Քվանտ» վարժարանի սաները 2021 թ․-ին մշտապես հաղթական դիրքերում են եղել։ Քվանտականների օլիմպիական հաղթարշավը մեկնարկել է հենց տարեսկզբից։ Հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Միջազգային Ժաուտիկովյան 17-րդ օլիմպիադայում «Քվանտ» վարժարանի յոթ մասնակիցներից բաղկացած թիմը արժանացել է յոթ մեդալի՝ հինգ ոսկե և երկու բրոնզե՝ կանգնելով 1-ին մրցանակակրի պատվավոր հարթակին։ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում դեկտեմբերի 6-13-ը կայացած Մեգապոլիսների 6-րդ օլիմպիադայի բլից-մրցափուլում աշխարհի տարբեր երկրների դպրոցների 46 թիմերի շարքում «Քվանտ» վարժարանի թիմը դարձյալ փայլուն հաղթանակ է տարել՝ գրավելով 1-ին պատվավոր հորիզոնականը։ Մեր սաների հաջողությունները շարունակական են եղել 2021 թ․-ի ողջ ընթացքում։
Ապրիլի 20-26-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած «Քիմիա» առարկայի 55-րդ միջազգային Մենդելևյան օլիմպիադայում Հայաստանի թիմի մասնակիցներից Լեոնիդ Ասատրյանն արժանացել է բրոնզե մեդալի, իսկ հունիսի 23-30-ը Ինդոնեզիայում տեղի ունեցած «Կիրառական կենսաբանության» միջազգային օլիմպիադայում դարձել է արծաթե մեդալակիր։ Հավելենք, որ Լեոնիդը նաև հուլիսի 25-ից օգոստոսի 2-ը Ճապոնիայի Օսակա քաղաքում կայացած «Քիմիա» առարկայի 53-րդ միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր է։
Հունիսի 13-19-ը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացած «Ինֆորմատիկա» առարկայի Եվրոպայի աղջիկների 1-ին օլիմպիադայի Հայաստանի թիմի մասնակից «Քվանտ» վարժարանի սան Ամարաս Նազարյանն արժանացել է բրոնզե մեդալի։
Հուլիսի 14-24-ը Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացած «Մաթեմատիկա» առարկայի 62-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմի մասնակիցներից Լորետա Արզումանյանը արժանացել է բրոնզե մեդալի։
Հուլիսի 17-25-ը Լիտվայի Վիլնյուս քաղաքում կայացած «Ֆիզիկա» առարկայի 51-րդ միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալակիր է դարձել Գյուլամիրյան Դավիթը։ Դավիթը արծաթե մեդալի է արժանացել նաև նոյեմբերի 14-21-ը Կոլումբիայի Բոգոտա քաղաքում կայացած «Աստղագիտություն» առարկայի 14-րդ միջազգային օլիմպիադայում։
Հուլիսի 19-25-ը Սինգապուրում կայացած «Ինֆորմատիկա» առարկայի 33-րդ միջազգային օլիմպիադայում Ալեքսանդր Աբելյանն արժանացել է արծաթե, իսկ Արայի Խալաթյանը բրոնզե մեդալի։ Ի դեպ, Արային նաև Բուլղարիայի Շումեն քաղաքում նոյեմբերի 24-29-ը կայացած «Ինֆորմատիկա» առարկայի 13-րդ միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալակիր է, իսկ Ռազմիկ Պարզյանը՝ բրոնզե մեդալակիր։
Այսպիսով՝ «Քվանտ» վարժարանի սաները միջազգային հեղինակավոր օլիմպիադաներում 2021 թ․-ին արժանացել են 20 մեդալի՝ 5 ոսկի, 7 արծաթ, 8 բրոնզ։
Սիրելի´ օլիմպիական քվանտականներ, պատվով վաստակած այս հաղթանակների կապակցությամբ շնորհավորում ենք ձեզ և ձեր ուսուցիչներին` ջանադիր և նվիրյալ աշխատանքի համար։ Մաղթում ենք հետագա հաջողություններ գիտության բարձունքները նվաճելու դժվար ճանապարհին։