«ԲՐԵՅՆ-ՌԻՆԳ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ 10-2 ԴԱՍԱՐԱՆԻ ԹԻՄԸ
30.12.2021
«Քվանտ» վարժարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից ուսումնադաստիարակչական գործընթացի անբաժան ուղեկիցն են դարձել ինտելեկտուալ մրցույթները, որոնց մեջ իր ուրույն տեղն ունի «Բրեյն-ռինգ» խորագիրը կրող ամենամյա մրցույթը: Մրցույթի կազմակերպիչները մշտապես շեշտը դնում են թե՛ իմացության և թե՛ տրամաբանական-վերլուծական հարցերի վրա: Խաղն անցկացվում է թիմային սկզբունքով, և յուրաքանչյուր դասարան ներկայացնում է մեկ թիմ:
2021-2022 ուստարվա «Բրեյն-ռինգ» խաղի առաջին հանդիպումը տեղի ունեցավ ս/թ նոյեմբերի 20-ին՝ 5-8-րդ դասարանների թիմերի միջև։ Այդ մրցապայքարում հաղթեց 8-4 դասարանը, օրվա լավագույն խաղացող ճանաչվեց 7-1 դասարանի սովորող Գագիկ Ղազարյանը։ Ապա ուժերը փորձեցին հիմնական դպրոցի 9-րդ և ավագ դպրոցի 10-րդ դասարանների խմբերի ներկայացուցիչները։ Հաղթեց 10-2 դասարանը, լավագույն խաղացողը 9-4 դասարանի սովորող Նարեկ Գրիգորյանն էր։ Վերջում մրցեցին 11-12-րդ դասարաններում սովորողները․ այդ փուլում հաղթեց ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 12-րդ դասարանի սովորողներից ձևավորված խումբը, լավագույն խաղացող ճանաչվեց Ալեքսանդր Ազիբեկյանը։ Խաղի եզրափակիչ փուլում մրցում էին տարբեր տարիքային խմբերում հաղթած դասարանների սովորողներից կազմված թիմերը։ Մեկական թիմ էլ ձևավորեցին բոլոր խաղերի լավագույն խաղացողները և ուսուցիչները։
Թեժ պայքարի արդյունքում թիմերը ցուցաբերեցին բավականին հետաքրքիր խաղ, սակայն բացարձակ հաղթող ճանաչվեց 10-2 դասարանի թիմը (դասղեկ՝ Գ․ Աղաբաբյան)։ Խաղի վերջում հանձնաժողովն ընտրեց լավագույն խաղացողին։ Այս կոչմանն արժանացավ ողջ ընթացքում իր գիտելիքներով և ակտիվությամբ աչքի ընկած Նարեկ Գրիգորյանը (9-4 դասարան)։
Շնորհավորում ենք թե՛ մասնակիցներին, թե՛ հաղթողներին։