«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ԲԱԿՈՒՄ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵՌՈՒԶԵՌ Է․․․
21.02.2022
«Քվանտ» վարժարանում կարևորում են ազգային ինքնության, հոգևոր հասունացման ամրապնդմանը վերաբերող ցանկացած միջոցառում։ Տարբեր տոներին նվիրված գեղեցիկ միջոցառումներ են կազմակերպվում։
Վարժարանի բակը լի է աշակերտներով, ուսուցիչներով։ Բակի կենտրոնում մեծ խարույկ է․ «Քվանտ» վարժարանում նշում են Տեառնընդառաջի տոնը․․․ Երգն ու պարը, տոնին նվիրված աղանդերն ու խմորեղենը նպաստում են տոնական բարձր տրամադրության ձևավորմանը։
Կրակի վրայով ցատում են թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները՝ մեծ հույսեր կապելով այդ ցատկի հետ, դրան վերագրելով իրենց նվիրական երազանքի կատարումը։
Տեառնընդառաջի տոնը կապված է Հիսուս Քրիստոսի կյանքից մի դեպքի հետ: Ըստ հրեական օրենքի՝ Մարիամն ու Հովսեփը կյանքի քառասուներորդ օրը նորածին Քրիստոսին տարան տաճար: Այստեղ էլ նրանց ընդառաջ եկավ երկար ժամանակ Աստծո որդու գալստյանը սպասող Սիմեոն ծերունին և տեսնելով մանուկ Հիսուսին՝ միանգամից հասկացավ, որ հենց նա է Տերը:
Սակայն Տեառնընդառաջի ծեսերն ունեն ավելի հին՝ հեթանոսական հիմքեր․ կապված են կրակի մաքրող հատկությունների հետ: Տոնի հիմնական ծեսը կրակ վառելն է: Հնում կարծում էին, որ կրակը ջերմացնում է, դաշտերը բերրի դարձնում ու նպաստում ամուսնական կապերին:
Տոնական տրամադրություններին կարող եք հաղորդակից լինել՝ վարժարանի յութուբյան ալիքում տեղադրված տեսանյութը դիտելով։