Բարի գործեր անելը քվանտականի կենսակերպն է...
20.04.2022
«Քվանտ» վարժարանում մշտապես կարևորել են բարի գործը և առիթը բաց չեն թողել բարեգործական տարբեր նախաձեռնությունների մասնակցելու:
2019 թվականին վարժարանում սկիզբ դրվեց մի հիանալի նախաձեռնության։ Մայրենիի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում հիմնադիր դպրոցի սովորողները պատրաստում են գրքեր։ Ուշագրավն այն է, որ երեխաները կազմակերպում են ցուցահանդես-վաճառք, վաճառում իրենց իսկ ձեռքով պատրաստած գրքերը և ողջ հասույթը տրամադրում բարեգործության։
Այս տարի փոքրիկ քվանտականները պատրաստել էին շուրջ 300 գիրք։ Վաճառքն ուղեկցվեց ցերեկույթով, որին ներկա էին դպրոցի աշակերտները, ծնողները, ուսուցչական կազմը, Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի ներկայացուցիչներ։ Հայր Զաքարիան միջոցառման հատուկ հյուրն էր, նա Աստվածաշնչի մասին պատմություններ պատմեց աշակերտներին։
Գրքերի վաճառքից գոյացած ողջ գումարը՝ 1 միլիոն հարյուր հազար դրամ, տրամադրվեց Շենգավիթ վարչական շրջանի՝ 44-օրյա պատերազմում զոհված 11 հայորդիների ընտանիքներին։
Ուրախալին այն է, որ շուրջ ցուցահանդես-վաճառքի շուրջ երեք հարյուր գրքերը սպառվեցին անհավատալի արագությամբ՝ ընդամենը մի քանի ժամում:
Ուզում ենք հավատալ, որ փոքրիկ քվանտականների այս կարևոր նախաձեռնությունը կծառայի իր նպատակին՝ փայլուն օրինակ դառնալով նաև այլոց համար: