«Կորիզ» մրցույթում հաղթում է «Քվանտ» վարժարանը
05.10.2022
Թե՛ տեղական, թե՛ միջազգային տարբեր մրցույթների մասնակցելը, մշտապես լավ մարզավիճակում լինելն ու գերազանց հաջողություններ արձանագրելը դարձել է յուրաքանչյուր քվանտականի սրբազան պարտքը։ Արդեն երկրորդ տարին է, ինչ փոքրիկ քվանտականները փայլուն արդյունք են արձանագրում նաև «Կորիզ» մրցույթում։
«Կորիզը» համադպրոցական առցանց մրցույթ է, որի նպատակն է բացահայտել դպրոցական տաղանդներ, խրախուսել նրանց կրթվելու մղումը՝ մեծարելով այդ ճանապարհի նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին։
Առարկայական ծրագրերի և հատուկ ընտրված թեմաների հիման վրա ստեղծված Koreez առցանց մրցույթին մասնակցում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հանրակրթական և մասնավոր բոլոր դպրոցների 5-12-րդ դասարանի աշակերտները` անկախ առաջադիմությունից:
Մրցույթն անցկացվում է առցանց տարբերակով, բաղկացած է երկու փուլից և մրցանակաբաշխությունից։
2022թ․ սեպտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Koreez կրթական շարժման 2022 թվականի ամփոփիչ երեկոն՝ մրցանակաբաշխությունը: «Քվանտ» վարժարանի աշակերտները փայլուն են ներկայացել համադպրոցական այդ մրցույթում՝ ուժերը չափելով ՀՀ և ԱՀ մի շարք դպրոցների մի քանի հազար աշակերտների հետ։
6-րդ դասարանի լավագույն եռյակում ընդգրկված աշակերտներից երկուսը քվանտականներ են՝ Էդգար Գրիգորյան (1-ին կարգ), Տիգրան Հախեյան (3-րդ կարգ): 8-րդ դասարանի հաղթող եռյակում է նաև քվանտական Սամվել Հարությունյանը (2-րդ կարգ)։
«Քվանտ» վարժարանը ճանաչվեց Koreez կրթական շարժման 2022 թվականի լավագույն արդյունքներ ունեցող դպրոց և կստանա դրամական պարգև։
Koreez համադպրոցական կրթական շարժումը, իր շուրջ համախմբելով երեք տասնյակից ավելի հայտնի տեխնոլոգիական ընկերություններ, Հայաստանի կրթությամբ մտահոգ բազմաթիվ մարդկանց, կարողացավ իրականացնել իր առջև դրված կարևոր երկու նպատակները՝ առաջին անգամ Հայաստանում իրապես խրախուսել աշակերտների կրթվելու մղումը և մեծարել այդ ճանապարհի նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին։
Ջերմորեն շնորհավորում ենք հաղթող քվանտականներին՝ նրանց մաղթելով նորանոր նվաճումներ։