ԵՊՀ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
14.10.2022
Հոկտեմբերի 8-ին «Քվանտ» վարժարանը հյուրընկալել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ, կովկասագիտության ուսումնական ծրագրի ղեկավար, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Էդուարդ Զոհրաբյանին։ Վերջինս մասնագիտական կողմնորոշման աջակցության նկատառումներով ճանաչողական բանախոսությամբ ներկայացրեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի կառուցվածքը, պատմությունը, ուսումնական ծրագրերը՝ առանձնակի մանրամասներով բացատրելով կովկասագիտություն մասնագիտության առանձնահատկությունները։ Ամբիոնի վարիչը ֆակուլտետի մասին բուկլետներ բաժանեց աշակերտներին և այնուհետև թեմատիկ դասախոսությամբ ներկայացրեց ադրբեջանական հանրույթի էթնոգենեզի ընթացքը, Ադրբեջան պետության ստեղծման պատմությունը և ներկա հարաբերությունները հարևանների հետ։ Առանձնակի շեշտադրում կատարվեց Ադրբեջան պետության տարածքի պատմական աշխարհագրության և պատմական ժողովրդագրության հիմնախնդիրներին։
Հանդիպմանը մասնակցում էին 10-12-րդ դասարանների հումանիտար հոսքի աշակերտները, ինչպես նաև 8-րդ դասարանցիներ, ովքեր բանախոսությունից հետո իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին պարոն Զոհրաբյանին։ Ներկա էին նաև ԵՊՀ սերվիսի ամբիոնի վարիչ, աշխ. գիտ. թեկնածու, դոցենտ Սեյրան Սուվարյանը, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու Միքայել Մալխասյանը և նույն ամբիոնի նախկին դոցենտ, վարժարանի գլխավոր մեթոդիստ, պատմ. գիտ. թեկնածու Արաքսյա Սիմոնյանը, վարժարանի պատմության ուսուցչուհի Ալբինա Հարությունյանը։
Հանդիպման ավարտին Էդուարդ Զոհրաբյանն առաջարկեց աշակերտների հետ ևս մեկ հանդիպում անցկացնել արդեն ԵՊՀ պատմության ֆակուլտետում՝ ավելի ամրապնդելով ֆակուլտետ-վարժարան համագործակցությունը։ Վարժարանի տնօրեն, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, ՀՀ վաստակավոր մանկավարժ Ռոբերտ Վարդանյանն էլ պատրաստակամություն հայտնեց՝ շարունակելու ԵՊՀ հետ համագործակցության շրջանակում տարբեր ֆակուլտետների մասնագետների կողմից այսօրինակ դասախոսությունների կազմակերպման պրակտիկան։