Նորություններ

Նորություններ

Անաղարտ մայրենիով զինված քվանտականի հերթական բարեգործությունը

22.02.2023

Մայրենի լեզվին նվիրված օրը «Քվանտ» վարժարանում այս տարի նշանավորվեց արդեն ավանդույթ դարձած գեղեցիկ միջոցառմամբ։ 2019 թվականին վարժարանում սկիզբ դրված հիանալի նախաձեռնության շրջանակում հիմնադիր դպրոցի սովորողները պատրաստել էին գրքեր։
Միջոցառումն ավելի է արժևորվում նրանով, որ փոքրիկ քվանտականները կազմակերպում են ցուցահանդես-վաճառք, վաճառում իրենց իսկ ձեռքով պատրաստած գրքերը և ողջ հասույթը տրամադրում բարեգործության․ բարի գործեր անելը քվանտականի կենսակերպն է։
Այս տարի փոքրիկ քվանտականները պատրաստել էին շուրջ 400 գիրք։ Վաճառքն ուղեկցվեց ցերեկույթով, որին  ներկա էին դպրոցի աշակերտները, ծնողները, ուսուցչական կազմը, հյուրեր։ Թումանյանական ոգին թևածում էր ամենուր։  
Գրքերի վաճառքից գոյացած ողջ գումարը՝ 1 միլիոն երեք հարյուր ութսունյոթ հազար հինգ հարյուր դրամ, կտրամադրվի 44-օրյա պատերազմում զոհված  հայորդիների ընտանիքներին։    
Ուշագրավ է այն, որ ցուցահանդես-վաճառքի մի քանի հարյուրի հասնող գրքերը սպառվեցին անհավատալի արագությամբ՝ ընդամենը մի քանի ժամում:
Ուզում ենք հավատալ, որ փոքրիկ քվանտականների այս կարևոր նախաձեռնությունը կծառայի իր նպատակին՝ փայլուն օրինակ դառնալով նաև այլոց համար:
                                    Հ․Լ․