ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻ ԳԵՂԵՑԻԿ ՕՐԻՆԱԿ
06.05.2023
Հետազոտական աշխատանքները «Քվանտ» վարժարանում աշակերտների հմտություններն ու կարողությունները ստուգելու և ավելացնելու լավագույն գործիքներից մեկն են: Աշխարհագրությունն էլ աշակերտների՝ հետազոտական աշխատանք կատարելու ամենանախընտրելի ուղղություններից մեկն է: Ելնելով առարկայի առանձնահատկություններից՝ աշակերտներին առաջադրվում է բնական ու սոցիալ-տնտեսական երևույթների, իրական կյանքի խնդիրների տարածական օրինաչափությունների ու առանձնահատկությունների լայն սպեկտր, որոնք էլ դառնում են նրանց ուսումնասիրության օբյեկտը և առարկան, իսկ դաշտային հետազոտություններն ու տարածական վերլուծությունների գործիքների կիրառությունը՝ շահեկան հավելում կրթական գործընթացին: Այս տարի «Քվանտ» վարժարանը և «Գեովայբ» ՍՊԸ-ն աշխարհատարածական ուսումնասիրությունները և գործիքները դպրոցական կրթության ոլորտում ներդնելու հարցում հիմնեցին կայուն համագործակցություն, որի շրջանակներում քվանտական մի խումբ պատանիներ հնարավորություն ստացան իրենց կրթությունը համալրելու «Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի» (GIS) կիրառման հմտություններով և կարողություններով: Արդյունքում մի քանի հետազոտական աշխատանքներ իրականացվեցին ՀՀ տարբեր մարզերում խաղողի այգիների և արևային էլեկտրակայանների տեղաբաշխման լավագույն վայրերի ընտրության շուրջ: «Գեովայբ» ՍՊԸ մասնագետները «Քվանտ» վարժարանի մասնագետներին և աշակերտներին շարունակաբար ու սիրով փոխանցեցին ինչպես գործիքներ, այնպես էլ տարածական վերլուծություններ կատարելու գիտելիքներ, ինչի համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում կազմակերպության համահիմնադիր Բագրատ Բալաբանյանին, բիզնեսի զարգացման ղեկավար Տիգրան Բաղիյանին և ԱՏՀ մասնագետ Կարեն Հարությունյանին:
Ուզում ենք հավատալ, որ այդ համագործակցությունը նոր, հեռանկարային նախագծերի հիմք կդառնա։