ՀԵՐՈ՛Ս ՔՎԱՆՏԱԿԱՆ, ՀԻՇԱՏԱԿԴ ԱՆՄԱՐ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ՝ ՄԻՇՏ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ․․․
21.06.2023
Արդեն մի քանի տարի է, ինչ «Քվանտ» վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի փայլուն շրջանավարտ, 44-օրյա պատերազմում մարտիրոսված հերոս Սեդրակ Սեդրակյանի ծննդյան օրը հարազատները, բարեկամները, ուսուցիչներն ու ընկերները նշում են առանց լուսավոր ու պայծառ պատանու, նրա մասին ունեցած հիշողությունների քաղցր, բայց նաև ցավոտ դրվագներով միայն։
Այս տարի վարժարանում լավագույն քվանտականի հիշատակին նվիրված մի քանի միջոցառումներ էին նախաձեռնել։ Ամփոփվեցին հերոսի անունով դեռ մայիս ամսվա սկզբին մեկնարկած վոլեյբոլի առաջնության արդյունքները․ հաղթող դարձավ վարժարանի 11-1 դասարանի թիմը։
Ապա ներկաները տեղափոխվեցին վարժարանի 403 լսարան՝ 44-օրյա պատերազմում իրենց կյանքը զոհած քվանտականների անվան լսարան, որտեղ ամփոփվեցին մի քանի առարկաների հետազոտական աշխատանքների մրցույթները, պարգևատրվեցին մրցանակային տեղերի արժանացած քվանտականները։
Ուշագրավ էին նաև հայրենասիրական կատարումները, օրվա խորհրդին համահունչ ելույթները, որոնք ամբողջացրին կարճ, բայց շատ բովանդակալից կյանք ապրած հերոս քվանտականի՝ Սեդրակ Սեդրակյանի կերպարը՝ ներկաներին, հատկապես կրտսեր քվանտականներին համակելով այն վեհ գաղափարներով, որոնցով առաջնորդվեց աշխարհի առաջատար համալսարան ընդունված, բայց հայրենիքին ծառայելը իր առաջնային հոգսը համարած մեր հերոս սանը։
Սեդրակի լուսավոր ու պայծառ ժպիտը, բացառիկ հումորն ու ինքնատիպությունը, հանդուգն ու համարձակ տեսակը միշտ վառ կմնան նրան հիշողների հոգիներում․․․