Նորություններ

Նորություններ

ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՆՈՐ ԳՐՈՂԻ

03.07.2023

        Գրականության, գրքի ու գրողի հետ ջերմ բարեկամությունը քվանտականների, հատկապես ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորողների առօրյայի անբաժանելի մասն է։
«Հայ և համաշխարհային գրականություն» առարկայի դասընթացի շրջանակում վերջերս քվանտականների հյուրն էր ժամանակակից ստեղծագործող Սուրեն Մանուկյանը։       Միջազգային ծրագրով սովորող քվանտական պատանիները նախապես ծանոթացել էին ստեղծագործողի կարճ պատմվածքներին, խորապես ուսումնասիրել դրանցից շատերը։
Հանդիպումը վարում էին ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 11-րդ դասարանի սովորողներ Լիա Բոդոյանը և Րաֆֆի Չալյանը։ Ծավալվեց հետաքրքիր զրույց-քննարկում, որի ընթացքում մասնագիտությամբ բժիշկ ստեղծագործողը հանգամանորեն պատասխանեց քվանտական պատանիների բազմաշերտ ու բազմաբնույթ բոլոր հարցերին՝ անդրադառնալով իր թե՛ ստեղծագործական գործունեության առանձնահատկություններին, թե՛ նախասիրություններին, թե՛ նոր մտահղացումներին։
           Քվանտականներից մի քանիսը կարդացին ստեղծագործողի պատմվածքների վերաբերյալ իրենց գրավոր վերլուծությունները։
           ՈՒշագրավն այն է, որ Սուրեն Մանուկյանը դատարկաձեռն չէր եկել․ բերել էր իր՝ վերջերս լույս տեսած գրքի՝ «Ռեյվնսքուին» վեպի մի քանի օրինակ և սիրով նվիրեց հանդիպման ընթացքում աչքի ընկած քվանտականներին։
           Ուզում ենք հավատալ, որ Սուրեն Մանուկյան ստեղծագործողի հետ այս հանդիպումը կդառնա ջերմ բարեկամության սկիզբը։