ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՅԹՈՒՆ. ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆՔ 2022-23 ՈՒՍՏԱՐԻՆ
19.07.2023
«Քվանտ» վարժարանում ձևավորված գեղեցիկ ավանդույթներից մեկն էլ տնօրենության ներկայացուցիչների և ուսուցչական կազմի ամենամյա սեմինարն է։ 2022-23 ուստարվա աշխատանքների ամփոփումը, վարժարանի գործունեության արդյունավետության աստիճանը գնահատվում են Աղավնաձորի ուսումնամարզական ճամբարում։
Ս․թ․ հուլիսի 17-20-ը «Քվանտ» վարժարանի՝ Աղավնաձորում գտնվող «Ուղեծիր» ուսումնական կենտրոնի հյուրընկալ հարկի տակ հավաքվել են վարժարանի տարբեր ամբիոնների մի շարք աշխատակիցներ։ Նպատակը տարեվերջյան ամփոփիչ սեմինարն է, որի ընթացքում վեր են հանվում կենսական նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ, բազմաշերտ քննարկումներ են ծավալվում դրանց վերաբերյալ, փորձ է արվում գտնել զգալի հարցերի համակարգային լուծումներ՝ սկսած գնահատումից մինչև կրթական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանն ուղղված քայլեր, որոնք էլ ավելի ամբողջական են դարձնում կրթությունը։
Քառօրյա սեմինարի մեկնարկը տրվում է ողջույնի խոսքով, օրակարգի ներկայացմամբ ու ժամանակացույցի հստակեցմամբ։ Չափազանց հետաքրքիր և արդիական թեմաներով հանդես եկան վարժարանի աշխարհագրության ամբիոնի վարիչ Ս․ Սուվարյանը (թեմա՝ «Կրթական որակի ապահովման խնդիրները «Քվանտ» վարժարանում») և վարժարանի պատմության ամբիոնի վարիչ Մ․ Մալխասյանը (թեմա՝ «Դասին արդյունավետ նախապատրաստվելու իմ փորձը»)։
Իր զեկուցմամբ կարևոր նշանակության խնդիրներ բարձրացրեց ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Մ. Կարապետյանը (թեմա՝ «ՏՏ արդյունավետ կիրառությունը «Քվանտ» վարժարանում»։
Հաշվետվություններով հանդես եկան ամբիոնների վարիչները, վարժարանի գործունեության, ուստարվա ձեռքբերումների ու բացթողումների, առաջիկա անելիքների, ծրագրերի մասին խոսեց ու աշխատակիցներին հուզող հարցերին պատասխանեց վարժարանի տնօրեն Ռ. Վարդանյանը։
Չափազանց արժեքավոր էր ԿԶՆԱԿ աշխատակից Գ. Մելիքյանի «Կրթական բարեփոխումների ներկայացում» թեմայով զեկուցումը, որը վերաբերում էր հանրակրթության նոր չափորոշչի պահանջների հանգամանալից ներկայացմանը։ Թեման կարևորեցին բոլոր քվանտականները, և ծավալվեց բուռն քննարկում։ Վարժարանի ուսուցիչներին մտահոգող հարցերի շրջանակը բազմաշերտ էր ու բազմաբովանդակ։
Մասնագիտական բարձր որակների ու մարդկային գեղեցիկ հարաբերությունների ներդաշնակ համադրությամբ սեմինարներն էլ ավելի ամբողջական ու ընդգրկուն դարձան։
Վարժարանի աշխատակիցների տարեվերջյան քառօրյա ամփոփիչ հավաքը, անշուշտ, կտա իր ցանկալի արդյունքները՝ լույսի ջահակիր քվանտականների համար բացելով նորանոր հորիզոններ։
Լ. Հ.