Նորություններ

Նորություններ

ՈՒՍՏԱՐԻՆ ՍԿՍՎԵՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՄԲ․․․

16.10.2023

       «Քվանտ» վարժարանում ուսումնական տարվա մեկնարկը տրվում է նախորդ ուստարվա արդյունքների ամփոփմամբ։ Սովորողների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, նրանց խրախուսելու, մյուսներին էլ ոգևորելու համար վարժարանում արդեն ավանդույթ է դարձել պարգևատրել նախորդ ուստարվա ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներին։ Այս տարին բացառություն չէր։ Սահմանված անվանակարգերը բազմազան էին։ Ուսումնառության ողջ ընթացքում ցուցաբերած չափազանց ակտիվ գործունեության, աշակերտական խորհրդի կազմում մի շարք միջոցառումներ նախաձեռնելու համար Բենիկ Բալայանը դարձավ «Տարվա լավագույն շրջանավարտ և բացառիկ ակտիվ քվանտական» անվանակարգի հաղթող, իսկ «Տարվա ակտիվ քվանտականը» 11-5 դասարանի աշակերտ, վարժարանի աշակերտական խորհրդի նախագահ, վարժարանային մի շարք միջոցառումների նախաձեռնող ու կազմակերպիչ Արսինե Գևորգյանն է:

      Միջազգային օլիմպիադաներում ունեցած փայլուն նվաճումների համար վարժարանի այս տարվա շրջանավարտ Լեոնիդ Ասատրյանը ճանաչվեց «Տարվա լավագույն շրջանավարտ և օլիմպիական նախանձելի կայունություն»։ «Տարվա լավագույն շրջանավարտ ՄԲ համակարգում» անվանակարգի հաղթող ճանաչվեցին «Դիպլոմա» ծրագրի այս տարվա շրջանավարտներ Մարիամ Գրիգորյանը և Էմմա Տոնոյանը, իսկ նույն ծրագրի 11-րդ դասարանի սովորողներ Հակոբ Ապեճյանը և Յուրի Ավագյանը արժանացան «Տարվա լավագույն աշակերտ ՄԲ համակարգում» անվանակարգի հաղթողի կոչմանը։ Ոչ միայն հանրապետական, այլ նաև միջազգային օլիմպիադաներում ցուցաբերած գերազանց արդյունքների, միջազգային ասպարեզում արձանագրած նվաճումների համար «Տարվա լավագույն օլիմպիական» ճանաչվեց 10-2 դասարանի աշակերտ Գագիկ Գևորգյանը, իսկ 9-5 դասարանի սովորղ Ալեքս Գրիգորյանը՝ «Տարվա հայտնություն և տարվա լավագույն օլիմպիական»։ Միջազգային մի շարք օլիմպիադաներում արձանագրած փայլուն հաջողությունների համար «Օլիմպիական նախանձելի կայունություն» անվանակարգի հաղթող դարձավ 12-2 դասարանի սովորող Համլետ Պետրոսյանը։ «Տարվա լավագույն աշակերտ» ճանաչվեցին Կամունի Աբրահամյանը (11-2) և Տիգրան Հախեյանը (7-2)։ Վարժարանի տնօրենությունը խրախուսում է ոչ միայն հաղթանակներ արձանագրած սովորողներին, այլև նրանց հաղթանակի մղած ուսուցիչներին։ «Տարվա լավագույն օլիմպիական ղեկավար» անվանակարգի հաղթողներ ճանաչվեցին Ցոլակ Թերջյանը (մաթեմատիկա), Վիտուշ Սարգսյանը (քիմիա), Վահագն Գևորգյանը (կենսաբանություն), Վարդան Ասատրյանը (աշխարհագրություն)։ Նորանոր հաջողություններ, նվաճումներ մաղթենք բոլոր մրցանակակիրներին։ Թող նրանց օրինակը վարակիչ լինի բոլորի համար։
 Լ․Հ