Նորություններ
ԵՐԲ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԿԵՆՍԱԿԵՐՊ...
06.12.2023
Օգնության կարիք ունեցողին ձեռք մեկնելը դարձել է քվանտականի առօրյայի անբաժանելի մասը։ Դրա խոսուն վկայություններից է վերջերս կազմակերպված մի կարևոր նախաձեռնություն։
《Քվանտ》վարժարանի հիմնադիր դպրոցի աշակերտական ու ծնողական համայնքները որոշեցին իրականացնել մի նախագիծ արցախցի մեր հայրենակիցների համար։
Սկզբնապես աշակերտները ցանկանում էին բերել գրենական պիտույքներ, անհրաժեշտ պարագաներ իրենց տարեկից արցախցի հայրենակիցների համար։ Հետո նախաձեռնությանը միացան ինչպես ծնողները, այնպես էլ վարժարանի տնօրենությունը։ Ընտրվեցին վարժարանի՝ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող ուսումնամարզական կենտրոնին հարակից երեք գյուղերում (Մեղրաձոր, Աղավնաձոր, Մարմարիկ) ապաստանած արցախցի շուրջ 25 ընտանիքներ։ Նախաձեռնության շրջանակում հավաքված գրենական պիտույքներին, շուրջ 3,5 միլիոն դրամ գումարին ավելացան նաև տնօրենության կողմից պատրաստված սննդի մեծ պարկերը, որոնք բաժանվեցին արցախցի ընտանիքներին. այդ ամենը հասցեատերերին հասավ վարժարանի աշակերտական խորհուրդը ներկայացնող մի խումբ աշակերտների և ուսուցչական կազմի ներկայացուցիչների շնորհիվ։ Ինչ խոսք, տունը, հայրենիքը կորցրած արցախցու համար սա փրկություն չէ, սակայն վստահաբար կարող ենք արձանագրել, որ մեր հայրենակիցների՝ կենսական նշանակության մի շարք խնդիրներ առժամանակ կլուծվեն։ Պակաս կարևոր չէ նաև այն, որ նրանք զգում են, որ իրենց պատուհասած այդ աղետի մեջ իրենք միայնակ չեն. նրանց կողքին են օգնելու պատրաստակամ, բարեսիրտ ու սրտացավ ընկերները։
Հ. Լ.