Նորություններ

Հանդիպում Լիլիթ Ալթունյանի հետ

12.12.2023

     Գիրք սիրելու և նրա հետ ընկերանալու ճանապարհը հաճելի ու հետաքրքիր պահերով է լի։ Եվ այդ ընկերությունն ավելի հաճելի է դառնում, երբ ընթերցողը հանդիպում է գրողի հետ։
Նոյեմբերի 23-ին վարժարանի դահլիճում հավաքվել էին փոքրիկ քվանտականները։ Նրանց այստեղ էին բերել երգչախմբի երգի կախարդական ելևէջները։ Ելույթից հետո փոքրիկներն անհամբեր սպասում էին իրենց կողմից շատ սիրված գրքերի հեղինակ Լիլիթ Ալթունյանին։ Նա դատարկաձեռն չէր եկել, իր հետ բերել էր նոր հրատարակված «Խավարի թագավորը» գիրքը, որը սիրով ընթերցեց փոքրիկների համար։ Հանդիպումն անցավ ջերմ ու անկաշկանդ միջավայրում, երգերով ու խաղերով, գրողի և ընթերցողի հարց ու պատասխանով։

    Իսկ ավելի կրտսեր քվանտականները լսեցին արդեն սիրված «Երաժիշտ հրեշը», ապա նկարեցին իրենց ստեղծած հրեշներին:

    Գրող և նկարազարդող Լիլիթ Ալթունյանը տպավորված էր փոքրիկների երևակայությամբ և մտքի թռիչքով, իսկ ուսուցիչները վստահ են, որ նման հանդիպումները նոր դռներ են բացում դեպի գրքերի զարմանահրաշ աշխարհ։