Այսօր «Քվանտ» վարժարանում առանձնահատուկ օր էր՝ լի ոչ միայն մարզական պայքարի ոգով, այլև խորին հարգանքի, հիշողության և ...
Հայաստանի ներկայացուցիչները հունիսի 27-ից հուլիսի 3-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում մասնակցել են Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադային՝ գրանցելով հերթական ուրախալի արդյունքը։ Օլիմպիադայում Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Միքայել Դարբինյանն արժանացել է բրոնզե մեդալի։
Միջազգային այս հեղինակավոր ստուգատեսին մասնակցել է 20 երկրի 97 աշակերտ։ Օլիմպիադան անցկացվել է երեք փուլով՝ գրավոր, դաշտային և մուլտիմեդիա։ Այն աշխարհագրության միջազգային օլիմպիադայի դուստր ստուգատես Է և անցկացվում է բացառապես անգլերենով: Դա մասնակիցներից պահանջում է ոչ միայն խորքային գիտելիքներ աշխարհագրությունից, այլև լեզվական հմտություններ, վերլուծական մտածողություն, արագ կողմնորոշվելու կարողություն և դաշտային աշխատանքի պատրաստվածություն։
Հայաստանի թիմում ընդգրկված էին 5 աշակերտ, որոնցից երեքը՝ «Քվանտ» վարժարանից, մեկը՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցից և մեկը՝ Գյումրու ակադեմիական վարժարանից։
Ուշագրավ է, որ Հայաստանի թիմի մարզիչներից էր նաև «Քվանտ» վարժարանի աշխարհագրության ուսուցիչ, նաև վարժարանի շրջանավարտ Վարդան Ասատրյանը, ով ներկայացնում էր ԵՊՀ-ն և «Քվանտ» վարժարանը։ Թիմի պատրաստման աշխատանքներին մասնակցել են նաև վարժարանի շրջանավարտներ, նախորդ տարի նույն օլիմպիադայի հաղթողներ, այժմ աշխարհի առաջատար համալսարանների սովորողներ Սաթի Հայրապետյանը (Լյուքսեմբուրգի բիզնես դպրոց) և Հայկ Անտոնյանը (Լյուվենի համալսարան)։
Միքայել Դարբինյանի բրոնզե մեդալը կարևոր ձեռքբերում է ոչ միայն Հայաստանի հավաքականի, այլև «Քվանտ» վարժարանի համար։ Այն վկայում է, որ վարժարանում ձևավորված կրթական միջավայրը, սովորողների նպատակասլաց աշխատանքը և ուսուցիչների հետևողական աջակցությունը տալիս են միջազգային մակարդակի արդյունքներ։
Ջերմորեն շնորհավորում ենք Միքայել Դարբինյանին, Հայաստանի թիմի բոլոր մասնակիցներին և մարզիչներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ միջազգային հարթակներում։
Հ. Լ.