Նորություններ

ՆՇՈՒՄ ԵՆՔ Մ. ԱԶԻԶԲԵԿՅԱՆԻ 85-ԱՄՅԱԿԸ

04.04.2024

       Օրերս լրացավ «Քվանտ» վարժարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, մեր հանրապետությունում օլիմպիական շարժման ակունքներում կանգնած մարդ-լեգենդ Մաելս Ազիզբեկյանի ծննդյան 85-րդ տարեդարձը:
Վարժարանի հարազատ ամբիոնի գործընկերները կազմակերպել էին խաղ-մրցույթ՝ «Ֆիզիկա» առարկայից: Մրցույթին մասնակցում էին վարժարանի 9-րդ դասարանի սովորողներից կազմված խմբեր: Հարցեր տրվեցին ոչ միայն խմբերին, այլ նաև հանդիսատեսների շարքում գտնվող նույն տարիքային խմբի սովորողներին: Մրցույթի հիմնական կազմակերպիչը ֆիզիկայի ամբիոնի բարձրակարգ մասնագետ Բ. Դավթյանն էր:
      Մրցույթի մրցատյանը, որում ընդգրկված էին ֆիզիկայի ամբիոնի բարձրակարգ մասնագետներ Գրիգոր Աղաբաբյանը, Ստելա Գալստյանը և հենց ինքը՝ հոբելյարը՝ Մ. Ազիզբեկյանը, միավորների առավելությամբ հաղթող ճանաչեց 9-4 դասարանի խմբին:
     Տոնական տրամադրությունը շարունակվեց վարժարանի ուսուցչանոցում, որտեղ օրվա հոբելյարին սպասում էին սիրելի գործընկերները, տնօրենության ներկայացուցիչները: Ներկայացվեց վարժարանի տնօրենության շնորհավորական ուղերձը, ապա ջերմ ու անմիջական շնորհավորանքների շարքը շարունակեցին տարբեր ամբիոնների ներկայացուիչներ:
     Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ Մ. Ազիզբեկյանին մաղթում ենք քաջառողջություն, երկար տարիների արդյունավետ ու բեղմնավոր գործունեություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր հաջողություններ՝ ի բարօրություն հանրակրթության և մանկավարժության։