Ճանաչողական էքսկուրսիա դեպի Խոր Վիրապ, Պարույր Սևակի տուն-թանգարան և Նորավանք
14.05.2018
Օրերս գովելի նախաձեռնությամբ հանդես եկան 9-3 դասարանի ծնողները, դասղեկ Ռ․ Արշակյանն ու աշակերտները․ կազմակերպել էքսկուրսիա դեպի Նորավանք։ Ընթացքում ոգևորվեցինք և ծրագրում ընդգրկեցինք նաև Խոր Վիրապն ու Պարույր Սևակի տուն-թանգարանը։
Ափսոս, որ էքսկուրսիայի օրը շատ անձրևոտ էր։ Բայց դա չխանգարեց երեխաների ընդհանուր ոգևորվածությանն ու խանդավառությանը։
Խոր Վիրապում բոլորն անխտիր մտան այն վիհերը, որտեղ ավելի քան 14 տարի պահվել է Տրդատ Գ Մեծի հրամանով մահվան դատապարտված Գրիգոր Ա Լուսավորիչը։ Նրան կերակրել է մի այրի կին՝ ամեն օր գաղտնի մի կտոր հաց նետելով խոր վիհի մեջ:
Հաջորդ կանգառը Պարույր Սևակի տուն-թանգարանն էր։ Այստեղ մեծ հետաքրքրությամբ դիտեցինք Սարգիս Մուրադյանի կատարած մեծադիր, սիմվոլիզմով հագեցած որմնանկարները, լսեցինք մեծ բանաստեղծ-մտածողի ձայնագրված խոսքը, էքսկուրսավարի հետաքրքիր պատմությունները գրողի ծնողների, նրա ընտանիքի, զավակների մասին։ Այցի գնացինք նաև տուն-թանգարանի բակում, այգու կենտրոնում գտնվող գերեզմանին։ Անձրևը, սակայն, թույլ չտվեց, որ երեխաները ասմունքեին։
Դեպի Նորավանք․․․
Նորավանք տանող ճանապարհը անցնում է Գնիշիկ գետի 8 կմ երկարությամբ գեղատեսիլ կիրճով` շրջապատված բարձրաբերձ ժայռերով։ Տեղանքը հայտնի է իր բազմատեսակ ու բազմաբնույթ կենդանական ու բուսական տեսակներով։ Այստեղ, ըստ տեղացիների, հանդիպում է նույնիսկ կովկասյան ընձառյուծ։
Բնության ու ճարտարապետության մի յուրահատուկ համադրություն է Նորավանքը։ Վանքի պատմությունն անբաժանելի է միջնադարյան Հայաստանի նշանավոր ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի գործունեությունից։ Վանքը դիմացել է նույնիսկ 14-րդ դարի վերջում Լենկ Թեմուրի արշավանքներին։
Խոսքերով դժվար է նկարագրել այն մեծ բավականությունը, որ ստացանք Նորավանքում․ բնության գարնանային զարթոնք և հրաշալի ճարտարապետական կառույց։ Տպավորությունները շատ են, ոգևորվածությունը՝ մեծ․․․