Նորություններ

Նորություններ

ՈւՍՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է․․․

27.08.2020

Աշխարհին պատուհասած համավարակով պայմանավորված՝ «Քվանտ» վարժարանում այս տարի խախտվեց տասնամյակների գեղեցիկ մի ավանդույթ․ քվանտականները ՆԶՊ դասերի՝ բանակային երկշաբաթյա կյանքի ձևաչափը փոխարինեցին քառօրյա դասընթացով։
Ս․թ․ օգոստոսի 24-ից մեկնարկեցին ռազմագիտության դասերը։ Նշենք, որ  քառօրյա դասընթացի 2 օրը (I և IV) պարապմունքները կազմակերպվեցին առցանց տարբերակով՝ «Քվանտ» վարժարանի BBB հարթակում, իսկ մյուս երկուսը՝ կրակային և շարային պատրաստության գործնական մասը՝ «Քվանտ» վարժարանի բակում։ Աշակերտները վարժարան էին եկել փոքր խմբերով։
Կարևոր ենք համարում արձանագրել, որ ռազմագիտության տեսական գիտելիքների ամրապնդումը գործնականում կազմակերպվեց և իրականացվեց արտակարգ իրավիճակի անհրաժեշտ պայմանների խիստ պահպանմամբ։ ՆԶՊ դասերի թե՛ տեսական, թե՛ գործնական ժամերի այս ձևաչափով անցկացման արդյունավետությունը ապահովեցին վարժարանի համապատասխան ամբիոնի բարձրակարգ մասնագետներ Արտյոմ Միլիտոնյանը, Եղիշ Ներսիսյանը, Արմեն Ղասաբյանը։
Ուզում ենք հավատալ, որ այսուհետ քվանտականները ռազմական գրագիտության և հայրենասիրական դաստիարակության իրենց անփոխարինելի դասերը հնարավորություն կունենան ստանալու մեր հայրենիքի գողտրիկ անկյուններից մեկում՝ Աղավնաձորի ռազմամարզական ճամբարում։