Գրքի տոնը «Քվանտ» վարժարանում

Գրքի տոնը «Քվանտ» վարժարանում

19.02.2018

    Մարդկային մտքի ամենամեծ հրաշքը գիրքն է, որը մեզ է փոխանցում գիտելիքների կախարդական բանալին, որով բացում ենք  աշխարհի փակ դռները։ Ինչքան շատ  ենք ընթերցում, այնքան շատ բան ենք իմանում և ուրիշ հայացքով ենք նայում կյանքին։ Գիրքը մեր կյանքի մշտական ուղեկիցը պետք է դառնա։
    Երեխայի դաստիարակության հարցում ընտանիքից, շրջապատում իր տեսածից ու լսածից հետո ամենամեծ ազդեցությունն է թողնում ընթերցանությունը:  Դեռ մանկուց նրան պետք է սովորեցնել ճանաչել, գնահատել, արժևորել և սիրել  գրիքը: Սա նշանակում է, որ  երեխայի դաստիարակության մեջ մեծ դեր պետք է խաղա նաև ուսումնական հաստատությունը: Այդ իմաստով մեր ուսուցիչներից յուրաքանչյուրը կենդանի գիրք է, քայլող հանրագիտարան, ով պատրաստ է իր ծով գիտելիքները փոխանցելու իր սաներին՝ անելով շատ շնորհակալ, սրբազան մի գործ: Գիրք նվիրելու տոնին նվիրված միջոցառումների շրջանակում  փետրվարի 19-ին երկրորդ դասարանցիների համար կազմակերպվեց «Կենդանի գիրք» խորագրով միջոցառումը, որին մասնակցեցին «Քվանտ» վարժարանի մի շարք ուսուցիչներ, ովքեր որպես կենդանի գիրք ուղեկցեցին փոքրիկ քվանտականներին իրենց դասավանդած առարկայի հեքիաթային աշխարհը՝ նրանց օգնելով բացահայտել առարկայական գաղտնիքները։ Վարժարանը հյուրընկալել էր նաև Էջմիածնի Ս. Շողակաթ եկեղեցու  վանահայր հոգեշնորհ Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանին, ով փոքրիկներին ներկայացրեց հետաքրքիր զրույց՝ «Աստվածաշունչ» թեմայով։ Քվանտականները բաժանվեցին խմբերի և շրջեցին «կախարդական գրադարանում»՝ համալրելով իրենց գիտելիքների շտեմարանը։