ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ…

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ…

03.07.2018

«Քվանտ» վարժարանը ուսումնական գործընթացը առավել արդյունավետ կազմակերպելու համար մշտապես գործուն քայլեր է ձեռնարկում՝ չափազանց կարևորելով միջազգային կրթական փորձը և համագործակցությունը համաշխարհային կրթական հեղինակավոր կառույցների հետ։ Հենց նմանատիպ համագործակցության շրջանակներում էլ 2010թ․-ից վարժարանը սերտ կապեր է հաստատել Հռոմի Ֆունդամենտալ ֆիզիկայի միջերկրածովյան ինստիտուտի հետ, և այդ համագործակցության արդյունքում ծնվել ու իրականացվել են կրթական-գիտական մի շարք համարձակ մտահղացումներ։
Ս․թ․ հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը «Քվանտ» վարժարանի, Հայ-ռուսական համալսարանի և Հռոմի Ֆունդամենտալ ֆիզիկայի միջերկրածովյան ինստիտուտի նախաձեռնությամբ Ստեփանակերտ քաղաքում անցկացվում է միջազգային գիտաժողով։ Վերջինս նվիրված է քվանտային ֆիզիկայի նոր ուղղություններին, դրանց առնչվող հարցերին և դպրոցում ֆիզիկայի դասավանդման խնդիրներին։
Գիտաժողովին զեկուցումներով հանդես են գալիս շուրջ 50 երկրների (ԱՄՆ, ՌԴ, Դանիայի Հանրապետություն, ՀՀ և այլն) ինչպես գիտական նշանավոր կենտրոնների հայտնի ներկայացուցիչներ, այնպես էլ կրթական գործի հմուտ կազմակերպիչներ մի շարք դպրոցներից։
Ուշագրավ է այն, որ միջազգային այդ գիտաժողովի շրջանակում «Քվանտ» վարժարանի և Հռոմի Ֆունդամենտալ ֆիզիկայի միջերկրածովյան ինստիտուտի միջև կնքվեց Համագործակցության հուշագիր։
Խորապես համոզված ենք, որ գիտական և կրթական կառույցների այսօրինակ համագործակցությունը չափազանց արդյունավետ անդրադարձ կունենա համաշխարհային կրթական զարգացումների վրա՝ նոր լիցք հաղորդելով թե՛ կազմակերպիչներին, թե՛ մասնակիցներին։