ՈՒՐԱԽԱԼԻ ԼՈՒՐ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

13.09.2018

Ուսումնական տարին քվանտականների համար մեկնարկեց ուրախալի լուրով։ Վարժարանի ուսուցիչներն ու աշակերտները, ողջ տարին մեծ ծանրաբեռնվածությամբ ու հագեցած գրաֆիկով աշխատելով և փայլուն արդյունք արձանագրելով,  նախորդ ուստարվա ավարտին մեկնեցին վաստակած հանգստի, այնինչ շինարարները, վարպետները շարունակեցին իրենց տքնաջան աշխատանքը՝ հաջորդ ուստարվա մեկնարկին քվանտականներին հաճելիորեն զարմացնելու և ուրախացնելու համար։
Ի բարեբախտություն վարժարանականների՝ պետք է արձանագրենք, որ վարպետների ջանքերն ու եռանդը ապարդյուն չեն անցել․ այսօր արդեն տեսանելի են այդ ջանասիրության ու ծանր աշխատանքի քաղցր պտուղները։ Շուտով ավարտին կհասնեն նոր մարզահրապարակի կառուցման աշխատանքները։
Այսուհետ վարժարանի սովորողները հնարավորություն կունենան ֆիզկուլտուրայի դասերն անցկացնելու չորս ընդարձակ  մարզահրապարակներում՝ նախատեսված երկուսը վոլեյբոլի, երկուսն էլ բասկետբոլի համար, որոնք հագեցած են անհրաժեշտ մարզագույքով։ Հրապարակներին կից կառուցվել են նաև 4 հարմարավետ հանդերձարաններ՝ աղջիկների և տղաների համար առանձին բաժիններով։
Ուզում ենք հավատալ, որ նոր մարզահրապարակների շահագործումը մեծապես կնպաստի սովորողների ֆիզիկական դաստիարակության էլ ավելի արդյունավետ կազմակերպմանը։