ՄԻ ԿԱԹԻԼ ՍԵՐ, ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿՋԵՐՄԱՆԱ․․․

ՄԻ ԿԱԹԻԼ ՍԵՐ, ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿՋԵՐՄԱՆԱ․․․

14.11.2018

Հոկտեմբերի 30: Oրը քվանտականների համար սովորական, ուսումնական երեքշաբթի էր, ինչը խախտվեց արտասովոր առաջարկով: Ավագ դպրոցի աշակերտները առաջարկում էին մի պարզ, հասարակ գործողություն` նամակ գրել Ռուսաստանում ապրող Խաչատուրին, որը  առողջական լուրջ խնդիրներ ունի: Եվ բոլորս հավաքվեցինք առաջարկի շուրջ` փոքրից մեծ, աշակերտներով, ուսուցիչներով: Աչքիս առաջ քանդվեցին մեզ բաժանող անտեսանելի գծերն ու սահմանները, բոլորս դարձանք մեկ:
    Հաճախ է այդպես լինում, երբ իսկապես որևէ պարզ և գրեթե ոչ մի ջանք չպահանջող գործը  ապրեցնում է ոչ ստացողին, այլ տվողին: Դրա համար պարզապես սեր է պետք: Դարձյալ առաջին հայացքից շատ պարզ բան, իրականում, սակայն, ամենափնտրվողը և պահանջվածը, որ յուրաքանչյուրս կուզենայինք ունենալ. սեր, որ ջերմացնում է հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա, սեր, որ տարիք ու ազգություն չի ճանաչում, սեր, որ իրենը չի փնտրում, սեր, որ ենթադրում է ամենահամարձակ անձնազոհությունից մինչև ամենապարզ հոգատարություն՝ երկու բարի խոսք, ժպիտ, առանց ակնկալիքի աջակցություն, ինչը  չի պահանջում մեծ փողեր կամ զոհաբերություն, բայց շատ տաք է, սրտի ամենախորքերից եկած :
    Ես հավատում եմ, որ սերն էլ ալիք է, ինչպես ասենք ձայնային կամ լուսային ալիքները: Այդ ալիքները անզեն աչքով չենք տեսնում, բայց դրանք կան և մեծ արագությամբ են տեղաշարժվում: Այն սիրո չափաբաժինը, որը քվանտականները դրեցին փոքրիկ Խաչատուրին բացիկներ հղելու նախաաձեռնության մեջ, համոզված եմ լույսի արագությամբ փոխանցվեց Խաչատուրին:  
    Չէ՞ որ այդ բացիկներում ամեն մեկս մեզնից մի մասնիկ էինք դրել, որ գուցե շատերս չնկատեցինք էլ: Բայց երբ ընկերներիս և ուսուցիչներիս տեսա, թե ինչպես էին կլանված գրում, նկարում և ժպտում, ինչպես էին կենդանի «շփվում» Խաչատուրի հետ, որը նրանցից հազարավոր մղոններ հեռու էր, հասկացա, որ դրանք սովորական բացիկներ չեն: Դրանք իսկապես բժշկելու զորություն կունենան տասներկուամյա Խաչատուրին, որը առողջական լուրջ խնդիրներ ունի: Եվ այսօր, երբ մեր բացիկները Խաչատուրին փոխանցելուց անցել են օրեր, ստացվեց ավետիսը:
    «Խաչատուրի էպիլեպսիայի նոպաները նվազել են: Սա հրաշալի արդյունք է, սա իսկապես հիանալի է»,- գրում է Խաչատուրի մայրը:
    Քրիստոնեական հայտնի պատգամ կա․  «Թող ձախ ձեռքդ չիմանա, թե աջն ինչ է անում, որպեսզի երկնքում վարձք ունենաս»: Սա այն բարեգործության մասին է, երբ մարդիկ փորձում են իրենց գործով գովասանք ստանալ մարդկանցից: Մեր նախաձեռնությունը  բոլոր-բոլորին լուր է տալիս, որ մինչև երկինք հասնելը երկրում վարձք ունեցանք: Փոքրիկ Խաչատուրը մեր միասնական սիրո շնորհիվ բժշկվում է :
    Երբ արևը ժպտում է, երկնքում բոլոր ամպերը ցրվում են. ժպտա՛ և անուշ ժպիտով, ջերմությամբ ու սիրով լցրու՛ քեզ շրջապատող մարդկանց սրրտերը եւ ամպերը կցրվեն: