Գարուն, բնություն, ժամանակակից գրող ու քվանտական․ հետաքրքիր համադրություն ու փայլուն արդյունք․․․

Գարուն, բնություն, ժամանակակից գրող ու քվանտական․ հետաքրքիր համադրություն ու փայլուն արդյունք․․․

02.05.2019

Օրերս կայացավ «Քվանտ» վարժարանի գրքասերների ակումբի հերթական հանդիպումը։ Այն կազմակերպվել էր «Թումո» կենտրոնի հարակից այգում։ Գիրքը կարդացել և մեծագույն ոգևորությամբ եկել էին վարժարանի թե հիմնական, թե ավագ դասարանների սովորողները։ Ներկա էին նաև հայոց լեզվի և գրականության ամբիոնի աշխատակիցները։
Քննարկման համար այս անգամ ընտրվել էր ժամանակակից արձակագիր Լևոն Նեսի «Բալզակ․ մի շան պատմություն» ստեղծագործությունը։ Հանդիպումը նշանավորվեց նրանով, որ քննարկմանը ներկա էր նաև հեղինակը։
Երիտասարդ, բայց արդեն հաստատուն քայլերով գրականություն մուտք գործած արձակագիրը նախ խոսեց իր գրական առաջին քայլերի, գրող դառնալու որոշման, արձանագրած հաջողությունների մասին, ապա պատասխանեց քվանտականների բազմաթիվ հարցերին։
Երեխաներին հետաքրքրում էր գրողի հետ կապված ամեն բան՝ սկսած գրական կեղծանունից մինչև ստեղծագործողի կյանքին, գործունեությանը վերաբերող հարցեր, նաև գրքի բովանդակությանը ու գաղափարին առնչվող հարցադրումներ։
Քննարկումն ընթացավ բուռն ու դինամիկ տեմպով այնպես, որ մասնակիցները չնկատեցին, թե ինչպես անցավ երկու ժամը։
Գրողի հետ հանդիպումն ու նրա գրքի քննարկումը ավարտվեց այն հույսով, որ նմանատիպ հաջորդ հանդիպումները շատ չեն սպասեցնի։