ԱՄՓՈՓԻՉ ՍԵՄԻՆԱՐ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԵՐԱԶԱՆՑ ՈՐԱԿՆԵՐԻ ՈՒ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳԵՂԵՑԻԿ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՀԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ...

ԱՄՓՈՓԻՉ ՍԵՄԻՆԱՐ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԵՐԱԶԱՆՑ ՈՐԱԿՆԵՐԻ ՈՒ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳԵՂԵՑԻԿ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՀԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ...

19.07.2019

2018-19 ուստարին ևս ավարտվեց, և «Քվանտ» վարժարանի՝  ողջ տարին ջերմեռանդությամբ աշխատած, իրենց առաքելությունը փառքով կատարած մեր աշխատակիցները կարող են գնալ վաստակած հանգստի՝ ուսումնական հաջորդ  տարվա աշխատանքը նույն արդյունավետությամբ կազմակերպելու համար:  Սակայն մինչ այդ տարվա ընթացքում վարժարանի կատարած աշխատանքները ամփոփելու նպատակով հրավիրվեց տարեվերջյան հավաք՝  այս անգամ  ևս հարազատ կրթօջախի պատերից դուրս՝  Հայաստանի հրաշք բնության գողտրիկ անկյուններից մեկում՝  Աղավնաձորի ուսումնամարզական կենտրոնում: Հենց այդտեղ էլ  ս/թ հուլիսի 14-17-ը անցկացվեց 2018-19 ուստարվա ամփոփիչ սեմինար-հաշվետվությունը:
Տարվա ընթացքում կատարած աշխատանքների ամփոփ ներկայացմամբ հանդես եկան վարժարանի տնօրենության ներկայացուցիչները, զեկույցի ընթացքում ուղենշվեցին այն ծրագրերը, որոնք նախատեսված են գալիք տարվա համար:
Խնդրահարույց  թեմաներ բարձրաձայնող զեկուցումներով, հետաքրքիր դասերով  հանդես եկան վարժարանի մի շարք աշխատակիցներ: Տեղի ունեցան հետաքրքիր քննարկումներ:
Կա՞ ավելի ինքնատիպ բան, քան մասնագիտական բարձր որակների ու մարդկային գեղեցիկ հարաբերությունների ներդաշնակ համադրությունը: Հենց դրա համար էլ  ուսուցիչները ազատ ժամանակը փորձեցին հնարավորինս արդյունավետ օգտագործել՝ միմյանց ավելի լավ ճանաչելու, հաճելի ու հետաքրքիր ժամանց կազմակերպելու: Վարժարանի աշխատակիցների տարեվերջյան եռօրյա հավաքը, անշուշտ, կտա ցանկալի արդյունքներ՝  լույսի ջահակիր քվանտականների համար բացելով նորանոր հորիզոններ: