22.10.2019
Բարձր պարգևների ու մրցանակների արժանացած քվանտական սովորողներից հետ չեն մնում նաև նրանց սիրելի ուսուցիչները: ՀՀ Անկախության տոնն այս տարի քվանտականների համար նշանավորվեց չափազանց ուրախալի լուրով:
ՀՀ Անկախության տոնի առթիվ և կրթության բնագավառում ունեցած ավանդի համար «Քվանտ» վարժարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Մաէլս Ազիզբեկյանը պարգևատրվեց Անանիա Շիրակացու մեդալով:
Նշենք, որ այս տարի մեծ շուքով նշվեց ֆիզիկայի դասավանդման շուրջ 60 տարվա փորձ ունեցող Մաէլս Ազիզբեկյանի 80-ամյակը:
Մ. Ազիզբեկյանը նշանակալի ավանդ ունի օլիմպիական շարժումը մեր հանրապետությունում ձևավորելու և զարգացնելու, միջազգային հարթակում մրցունակ ֆիզիկոսներ պատրաստելու գործում։ Նրա նախաձեռնությամբ 1995թ. ստեղծվեց «Դպրոցականների օլիմպիական շարժում» հասարակական կազմակերպությունը, որը պետական ֆինանսավորման բացակայության պայմաններում ֆինանսավորում և կազմակերպում էր մեր լավագույն աշակերտների մասնակցությունը միջազգային օլիմպիադաներին: Նրա՝ տարբեր տարիների սաները փայլուն են հանդես գալիս ոչ միայն հանրապետական, այլև միջազգային օլիմպիադաներում՝ բարձր պահելով մեր պետության հեղինակությունը։
Չափազանց կարևոր է նրա դերը ուսուցիչների վերապատրաստման և կատարելագործման ուղղությամբ մեր երկրում իրականացվող գործընթացներին։
Հաշվի առնելով Մաէլս Ազիզբեկյանի՝ մեր հանրապետության հանրակրթության ոլորտում ունեցած լրջագույն ավանդը՝ հավատացնում ենք, որ «Անանիա Շիրակացի» մեդալը բաժին է հասել կրթության ոլորտի արժանի ներկայացուցչի: