06.05.2017 «Քվանտի շրջանավարտ» հիմնադրամի գործունեությունը մեկնարկեց մրցանակաբաշխությամբ

06.05.2017 «Քվանտի շրջանավարտ» հիմնադրամի գործունեությունը մեկնարկեց մրցանակաբաշխությամբ

07.05.2017

06.05.2017
«Քվանտի շրջանավարտ» հիմնադրամի գործունեությունը մեկնարկեց մրցանակաբաշխությամբ
Սույն թվականի մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանի և «Քվանտի շրջանավարտ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվեց մաթեմատիկա առարկայի օլիմպիադայի քաղաքային փուլում բարձր արդյունքներ ցուցաբերած աշակերտների մրցանակների շնորհման արարողությունը։
Արդեն շուրջ քառորդ դար է, ինչ ցանկանալով բացահայտել տաղանդավոր երեխաների՝ «Քվանտ» վարժարանը մաթեմատիկա առարկայից կազմակերպում է «Օժտված երեխաներ» մրցույթը՝ հանդես գալով չափազանց կարևոր ու ինքնատիպ մի նախաձեռնությամբ։ Այդ մրցույթի հաղթող աշակերտները վարժարանում անվճար սովորելու հնարավորություն են ստացել, որից հետո ուսումնառությունը փայլուն կերպով շարունակել են ինչպես մեր հանրապետության, այնպես էլ աշխարհի մի շարք առաջատար համալսարաններում։ Նրանցից շատերը արդեն իսկ դարձել են իրենց ոլորտների մրցունակ մասնագետներ և աշխատում են արտերկրի մի շարք հեղինակավոր կազմակերպություններում։
Օժտված երեխաների մրցույթի՝ տարբեր տարիների մի շարք հաղթողներ (հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Ժիրայր Ավետիսյան, գործադիր տնօրեն՝ Վահագն Եղիկյան, անդամներ՝ Արտավազդ Մինասյան, Մկրտիչ Սողոմոնյան․․․), որոնք արդեն լրջագույն հաջողությունների են հասել, մի շարք նվաճումներ արձանագրել, որոշել են ստեղծել բարեգործական հիմնադրամ, որի հիմնական նպատակն է օգնել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին։ Եվ քանի որ հիմնադրամի ստեղծումը համընկավ մաթեմատիկայի՝ 2017 թ․ օլիմպիադայի քաղաքային փուլին, որն անցկացվում էր «Քվանտ» վարժարանում, հիմնադրամի ներկայացուցիչները որոշեցին առաջին միջոցառումը նվիրել հենց այդ օլիմպիադայում բարձր արդյունքներ ցուցաբերած աշակերտներին։