Էքսկուրսիա դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Էքսկուրսիա դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

08.06.2017

Էքսկուրսիա դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Հայկական անկոտրում ոգու և պատմական մեր գոհարների հետ ևս մեկ անգամ առնչվելու հնարավորություն ունեցան «Քվանտ» վարժարանի 8-3 դասարանի աշակերտները դասղեկ Ռ. Արշակյանի, պատմության ուսուցչուհի Ն. Զոհրաբյանի և իրենց ծնողների հետ:
Մայիսի 14: Էքսկուրսիա և դաս-միջոցառում Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրում: Դաս այն մասին, թե ինչպես Մայիսյան հերոսամարտում հայերը ջախջախիչ հակահարվածով թուրք բռնակալներին ետ շպրտեցին մեր երկրի արևելյան հատվածից և հերոսացան՝ հայոց պատմության մեջ ևս մեկ փառավոր էջ ավելացնելով:
Համաձայն բրիտանացի պատմաբան Քրիստոֆեր Ուոլկերի, եթե հայերը պարտվեին Սարդարապատի ճակատամարտում, ապա ամենայն հավանականությամբ Հայաստան անունը կհիշվեր որպես պատմական աշխարհագրական անվանում և ուրիշ ոչինչ:
Բացի պատմական էքսկուրսից, աշակերտները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան նաև համալիրի ճարտարապետական լուծումներին, որոնք կատարել են նախագծի գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը  և քանդակագործներ Արա Հարությունյանը, Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանը: 
Աշակերտների վրա անգնահատելի ազդեցություն ունեցավ թանգարան այցելությունը, որտեղ ծանոթացան հերոսամարտի մասնակիցների անձնական իրերին, գրառումներին, տեսան լուսանկարներ, որոնք խոսուն վկաներն են համահայկական հերոսամարտի: 
Էքսկուրսիան բովանդակալից էր ու ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանող կարևորագույն քայլ: