2017 թվականի մայիսի 26-ին Հայաստանի շրջանավարտների համար հնչեց դպրոցական վերջին զանգը

2017 թվականի մայիսի 26-ին Հայաստանի շրջանավարտների համար հնչեց դպրոցական վերջին զանգը

08.06.2017

2017 թվականի մայիսի 26-ին Հայաստանի շրջանավարտների համար հնչեց դպրոցական վերջին զանգը
«Քվանտ» վարժարանում ևս օրը տոնական էր: Բակը լի էր շրջանավարտներով, որոնք պատրաստվում էին ուղևորվելու հարազատ ու սիրելի դարձած «Ուղեծիր» ճամբար: Վարժարանում նույնիսկ բոլորին քաջածանոթ այս տոնը նշվում է յուրովի: Շրջանավարտները, առավոտ կանուխ մեկնելով ճամբար, ողջ օրն անցկացրին այնտեղ: Ճամբարում վարժարանի գիտամանկավարժական խորհուրդը կազմակերպեց բազմաթիվ մրցույթներ` շրջանավարտների օրը դարձնելով հետաքրքիր ու անմոռանալի:
Մրցույթներում ներգրավված էին նաև ուսուցիչները, որոնք կա՛մ երկրպագում էին իրենց աշակերտներն, կա՛մ անգամ մասնակցում խաղերին:
Մրցույթների արդյունքում, ինչպես ասում են, հաղթեց ընկերությունն ու համերաշխությունը:
Օրվա ընթացքում հնչեցին բազմաթիվ բարեմաղթանքներ թե՛ ուսուցիչների, թե՛ ծնողների կողմից:
Մենք մեկ անգամ ևս շնորհավորում ենք մեր շրջանավարտներին դպրոցական ուսումնառության ավարտի կապակցությամբ: Ավարտ, որը շրջանավարտների առջև բացում է նոր կյանք` լի հրաշքներով ու փորձություններով:
«Սիրելի՛ շրջանավարտներ, դուք փակում եք ձեր կյանքի գլխավոր էջերից մեկը, հրաժեշտ եք տալիս հարազատ վարժարանին, ուսուցիչներին` բացելով մի նոր էջ: Վարժարանից դուք տանում եք գիտելիքների մեծ պաշար, իսկ 21-րդ դարում ամենամեծ, կայուն հարստությունը հենց գիտելիքն է, որը ձեզ համար կհարթի կյանքի լայն ու լուսավոր ճանապարհ: Մեզ մնում է միայն բարի ճանապարհ ասել ձեզ` մաղթելով, որ այսուհետ ձեր կյանքում ղողանջող բոլոր զանգերը միայն բարու և գեղեցիկի սկիզբն ավետեն: Մենք լիահույս ենք, որ դուք ձեր արժանի տեղը կգտնեք այս մեծ ու հետաքրքիր աշխարհում»,-տնօրենության անունից շնորհավորական խոսքն ավարտեց Արաքսյա Սիմոնյանը: