Լիտվայի Կաունաս քաղաքում հուլիսի 24–30-ն անցկացվել է Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 10-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադան՝ EJOI 2026-ը, որին մասնակցել են 25 երկրների 100 աշակերտներ։
Հայաստանի հավաքականը փայլուն արդյունք է գրանցել՝ նվաճելով 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։ Մեզ համար առանձնակի հպարտության առիթ է «Քվանտ» վարժարանի սաների հաջողությունը․ 8-րդ դասարանի աշակերտ Վաչե Քոչարյանն արժանացել է արծաթե, իսկ 7-րդ դասարանի աշակերտ Հայկ Ադամյանը՝ բրոնզե մեդալի։
Մրցույթի ընթացքում մասնակիցները երկու օր շարունակ լուծել են բարդ ալգորիթմական և ծրագրավորման խնդիրներ՝ ցուցադրելով ոչ միայն խոր գիտելիքներ, այլև տրամաբանական մտածողություն, կենտրոնացում և բարձր պատասխանատվություն։
Հայաստանի թիմի ղեկավարներից մեկը «Քվանտ» վարժարանի այս տարվա շրջանավարտ Ալեքս Գրիգորյանն էր։ Ալեքսը միջազգային օլիմպիադաների բազմակի մեդալակիր է և ընդունվել է Օքսֆորդի համալսարան։ Նրա մասնակցությունը որպես թիմի ղեկավար քվանտական սերունդների շարունակականության լավագույն օրինակներից է․ երբ երեկվա մեդալակիրը այսօր արդեն իր փորձն ու գիտելիքներն է փոխանցում նոր սերնդին։
Շնորհավորում ենք Վաչե Քոչարյանին, Հայկ Ադամյանին, Ալեքս Գրիգորյանին, Հայաստանի հավաքականի մյուս անդամներին և թիմի ղեկավարներին՝ բարձր արդյունքների համար։
Հպարտանում ենք մեր քվանտականներով և մաղթում նորանոր միջազգային հաղթանակներ։