Նորություններ

Նորություններ

ՀԱՂԹԱԿԱՆ ՍԿՍՈՒՄ ԵՎ ՀԱՂԹԱԿԱՆ ԷԼ ԱՎԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԻՆ․․․

21.12.2024

  Այս օրերին բոլորը փորձում են ավարտին հասցնել հին տարում սկսած նախագծերը, ծրագրերը, իսկ քվանտական օլիմպիականները ջերմեռանդորեն շարունակում են նվաճել օլիմպիական նոր բարձունքներ՝ ավելացնելով իրենց օլիմպիական մեդալների թիվը։

   Ս․թ․ դեկտեմբերի 13-14-ին Ս․Պետերբուրգում անցկացվեց դպրոցականների ծրագրավորման 2024 թվականի 25-րդ բաց համառուսաստանյան օլիմպիադան, որին ամեն տարի մասնակցում են նաև այլ երկրների թիմեր։

   Այս տարի եզրափակիչ փուլ հրավիրվել էին շուրջ 290 դպրոցական թիմեր։ Ռուսաստանից բացի՝ մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի դպրոցականները։

   Տարբեր տարիների այս օլիմպիադային մասնակցել են նաև Հայաստանի ուսումնական մի քանի հաստատությունների դպրոցականները, որոնք, սակայն, մրցանակային տեղերի չեն արժանացել։

    Այս տարի մեր երկիրը ներկայացրեց միայն քվանտական երեք պատանիներից կազմված թիմը։ Հայաստանը ներկայացնող քվանտական պատանիները փայլուն հանդես եկան միջազգային կարևոր այդ ստուգատեսում և առաջին անգամ արձանագրեցին լուրջ հաղթանակ՝ արժանանանալով բրոնզե մեդալի։ Կարևոր է նշել, որ երեք քվանտականներն էլ՝ Գագիկ Գևորգյան, Ալեքս Գրիգորյան, Գրիգոր Թոխյան, օլիմպիական ասպարեզում ունեն լուրջ փորձառություն, որն այս հաղթանակով համալրվեց ևս մեկով։

   Վերջին օրերին Թբիլիսի, Սանկտ-Պետերբուրգ, Աստանա և Նովոսիբիրսկ քաղաքներում 310 ուսանողական թիմերի միջև ընթանում էր նաև «Հյուսիսային Եվրասիայի 2024 թվականի եզրափակիչը», որին մասնակում էին նաև «Քվանտ» վարժարանի օլիմպիական շրջանավարտներ Համլետ Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Անդրեասյանը։ ԵՊՀ-ն ներկայացնող քվանտականները անցել են համալսարանների միջև ամենամյա միջազգային թիմային օլիմպիադայի եզրափակիչ փուլ՝ գրավելով 16-րդ հորիզոնականը։

   Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր քվանտականներին արձանագրած հաջողությունների, հաղթանակների համար և մաղթում նորանոր նվաճումներ։

                                                                                                                      Հ․Լ․